Հաստատվել է հանրային առողջապահական նորմատիվ

Առողջապահության նախարարի 2026 թվականի ապրիլի 23-ի թիվ 32-Ն հրամանով հաստատվել է «Ախտաբանաանատոմիական և լաբորատոր-ախտորոշիչ՝ հյուսվածքաբանական տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը։

Նույն հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Առողջապահության նախարարի 2012 թվականի հուլիսի 31-ի N 11-Ն հրամանը։

 

Լիտվայի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության պատվիրակության այցը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Լիտվայի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության համագործակցության շրջանակում կազմակերպված եռօրյա այցի ընթացքում, 2026 թվականի մայիսի 6-ին Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը հյուրընկալել է Լիտվայի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության ղեկավար Ապոլինարաս Շկիկունասին և նրա տեղակալ Դալիուս Չեպոնասին։

Հանդիպմանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը, նույն վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և այլ աշխատակիցներ։

Հանդիպման ընթացքում Լիտվայի պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են աշխատանքի ոլորտում վերահսկողության իրականացման իրենց փորձը՝ անդրադառնալով տարեկան ստուգումների  պլանավորմանը, ռիսկերի հաշվարկմանը, տվյալների հասանելիությանը, առանց համապատասխան իրավական ակտի կամ ծառայությունների մատուցման պայմանագրերով աշխատող անձանց բացահայտման մեխանիզմներին և դրանց իրավական հետևանքներին, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին օրենքի խախտմամբ աշխատանքի ներգրավելու հետևանքներին։

Կողմերը քննարկել են նաև աշխատավայրում հոգեբանական բռնության հնարավոր դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման մեխանիզմները, ինչպես նաև մի շարք այլ մասնագիտական հարցեր։

Միաժամանակ ներկայացվել են երկու երկրների կողմից կիրառվող մոտեցումներն ու ոլորտում ձևավորված լավագույն փորձը։

Այցի շրջանակում Լիտվայի Հանրապետության պատվիրակությունը ներկա է գտնվել նաև Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգման գործընթացին։

Տեսչական մարմինը կարևորում է միջազգային համագործակցության զարգացումը և փորձի փոխանակումը՝ ոլորտի արդյունավետության շարունակական բարձրացման նպատակով։

Իրազեկման սեմինար՝ Կոտայքի մարզի դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար

2026 թվականի ապրիլի 30-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի կողմից կազմակերպվել է իրազեկման սեմինար՝ դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների համար։

Սեմինարին մասնակցել են Տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Մարտիրոսյանը և դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի աշխատակիցները։

Իրազեկման միջոցառման 2 տասնյակից ավելի մասնակիցներին ներկայացվել են էլեկտրոնային եղանակով դուրս գրվող դեղատոմսով բաց թողնվող դեղերի իրացման կարգը, դեղատներում բժշկական թափոնների հաշվառման կարգը, ինչպես նաև դեղերի շրջանառության ոլորտում սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ պատասխանատվության միջոցները՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի։

Սեմինարի ավարտին Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են նաև մասնակիցների կողմից բարձրացված հարցերին։