
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Լիտվայի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության համագործակցության շրջանակում կազմակերպված եռօրյա այցի ընթացքում, 2026 թվականի մայիսի 6-ին Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը հյուրընկալել է Լիտվայի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության ղեկավար Ապոլինարաս Շկիկունասին և նրա տեղակալ Դալիուս Չեպոնասին։
Հանդիպմանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը, նույն վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և այլ աշխատակիցներ։
Հանդիպման ընթացքում Լիտվայի պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են աշխատանքի ոլորտում վերահսկողության իրականացման իրենց փորձը՝ անդրադառնալով տարեկան ստուգումների պլանավորմանը, ռիսկերի հաշվարկմանը, տվյալների հասանելիությանը, առանց համապատասխան իրավական ակտի կամ ծառայությունների մատուցման պայմանագրերով աշխատող անձանց բացահայտման մեխանիզմներին և դրանց իրավական հետևանքներին, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին օրենքի խախտմամբ աշխատանքի ներգրավելու հետևանքներին։
Կողմերը քննարկել են նաև աշխատավայրում հոգեբանական բռնության հնարավոր դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման մեխանիզմները, ինչպես նաև մի շարք այլ մասնագիտական հարցեր։
Միաժամանակ ներկայացվել են երկու երկրների կողմից կիրառվող մոտեցումներն ու ոլորտում ձևավորված լավագույն փորձը։
Այցի շրջանակում Լիտվայի Հանրապետության պատվիրակությունը ներկա է գտնվել նաև Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգման գործընթացին։
Տեսչական մարմինը կարևորում է միջազգային համագործակցության զարգացումը և փորձի փոխանակումը՝ ոլորտի արդյունավետության շարունակական բարձրացման նպատակով։













