Աշխատանքային քննարկում Տեսչական մարմնի ղեկավարի գլխավորությամբ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2025 թվականի սեպտեմբերի 9-ին Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները, տարածքային կենտրոնների ղեկավարները, մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարները։

Քննարկվել են՝

  • 2025 թվականի Ստուգումների և Գործունեության տարեկան ծրագրերի կատարման ընթացքը,
  • 2026 թվականի Ստուգումների և Գործունեության տարեկան ծրագրերի նախագծերի մշակմանն ընդառաջ՝ վերջիններս առավել բարելավված և ոլորտային խնդիրների լուծմանն նպատակաուղղված կազմելու հնարավորությունները՝ հաշվի առնելով ընթացիկ տարվա վերահսկողական աշխատանքների վերլուծության արդյունքները,
  • Իրազեկման և կանխարգելիչ աշխատանքների ընթացքը,
  • Որակի ապահովման վարչության կողմից արձանագրված խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման կարևորությունը,
  • Նախորդ քննարկումների ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, արձանագրված առաջընթացները և դեռևս լուծում պահանջող խնդիրները,
  • Խմելու ջրի հետ կապված բողոքները և դրանց հիման վրա իրականացված վերահսկողության արդյունքները,
  • Հանրության հետ տարվող աշխատանքները, քաղաքացի և Տեսչական մարմին կապի և մշտական հասանելիության ապահովումը,
  • Աշխատանքային այլ ընթացիկ հարցեր։

Սլավիկ Սարգսյանի կողմից տրվել են Տեսչական մարմնի գործունեության բարելավմանը և շարունակական կատարելագործմանն ուղղված նոր հանձնարարականներ։

 

Իրազեկման սեմինար՝ «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲ ընկերությունում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Մերվազյանը բաժնի տեսուչների հետ միասին 2025 թվականի սեպտեմբերի 09-ին իրազեկման սեմինար են անցկացրել «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ-ում։

Իրազեկման սեմինարին մասնակցել են բժշկական կենտրոնի մոտ 50 բուժաշխատողներ։

Ներկայացվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» մասին ՀՀ օրենքի դրույթները և համապատասխան ենթաօրենսդրական, նոր ընդունված և ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները, մասնավորապես, իրազեկվել է  2025 թվականի օգոստոսի 28-ին ուժի մեջ մտած էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով էլեկտրոնային ժամանակավոր անաշխատունակության թերթիկի տրամադրման կարգը։

Տեղի է ունեցել հարց ու պատասխան․ Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են մասնակիցների բոլոր հարցերին։

 

Վերահսկողություն մերսման սրահներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2024-2025թթ. ընթացքում վերահսկողություն է իրականացվել 80 մերսման սրահներում։

Արդյունքում պարզվել է, որ.

  • 4 դեպքում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները մատուցվել են բժշկական պատշաճ կրթություն չունեցող և սահմանված կարգով բժշկական գործունեության չթույլատրված անձանց կողմից, որի արդյունքում ապօրինաբար բժշկությամբ զբաղվելու համար Տեսչական մարմնի կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի համաձայն կիրառվել են պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև տրվել են կարգադրագրեր։
  • 3 դեպքում բուժական մերսում իրականացնող կազմակերպությունների կողմից խախտվել են լիցենզիայի պայմանները և պահանջները. այդ խախտումները վերացնելու համար Տեսչական մարմնի կողմից կազմակերպություններին տրվել են կարգադրագրեր։
  • 4 մերսման սրահում իրականացվել է բուժական մերսում՝ առանց լիազոր մարմնի կողմից բժշկական օգնության և սպասարկման «բուժական մերսում» տեսակի համար տրված լիցենզիայի, իսկ 6 դեպքում մատուցվել են ոչ բուժական մերսման ծառայություններ, սակայն վերջիններիս կողմից խախտվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ սահմանափակման ենթակա ծառայությունների տեղակայմանը ներկայացվող պահանջները։ Նշված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։