Հաստատվել է «Հեպատիտ Բ և հեպատիտ Ց հիվանդությունների համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը

 

ՀՀ առողջապահության  նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի N 113-Ն հրամանով հաստատվել է  «Հեպատիտ Բ և հեպատիտ Ց հիվանդությունների համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը և ուժը կորցրած է ճանաչվել 2015 թվականի դեկտեմբերի 23-ի N 59-Ն հրամանը։

  • «Հեպատիտ Բ և հեպատիտ Ց հիվանդությունների համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների համար, որոնք իրականացնում են հիվանդությունների դեպքերի հայտնաբերում:
  • Նորմատիվը սահմանում է բժշկական օգնության և սպասարկման դիմած անձանց շրջանում հեպատիտ Բ-ի, հեպատիտ Ց-ի դեպքերի համաճարակաբանական դիտարկմանը, համաճարակաբանական հետազոտությանը, հաղորդմանը և հաշվառմանը, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը ներկայացվող պահանջները:

Հրամանն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի սեպտեմբերի 24-ին։

Հրամանի հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/211728/latest

Սեպտեմբերի 13-ը Հայաստանում նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր

Օրվա կապակցությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի անձնակազմը՝ ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ, շաբաթօրյակ է անցկացրել ՀՀ բնության հուշարձանների ցանկում ներառված 2 երկրաբանական հուշարձանների շրջակա տարածքներում.

  • «Անանուն» սյունաձև բազալտներ՝ ք. Երևան, Հրազդանի կիրճի ձախափնյա մասում, Սբ. Սարգիս եկեղեցու մոտ,
  • «Անանուն» սյունաձև բազալտներ՝ ք. Երևան, Հրազդանի կիրճի ձախափնյա մասում, մանկական ե/գ տանող թունելի ճակատամուտքի մոտ։

Շաբաթօրյակի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցները մաքրել են հուշարձանների տարածքը կենցաղային աղբից և բարեկարգել են այն։

Այս նախաձեռնությունը միտված է ոչ միայն շրջակա միջավայրի բարելավմանը, այլև՝ յուրաքանչյուրիս մոտ բնության նկատմամբ հոգածության և պատասխանատվության մշակույթի ամրապնդմանը։

Սեպտեմբերի 13-ը Հայաստանում որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր նշելու մասին N 1412-Ն որոշումն ընդունվել է 2021 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Կառավարության նիստում:

Որոշման ընդունմամբ ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետության տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների հանդեպ կարևորության և բնապահպանական իրազեկության բարձրացումն է։



 








 
  
 
 

 

 

 

 

 

 

 

 

 

Իրազեկման սեմինար սահմանամերձ  գյուղի դպրոցում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանն այցելել և իրազեկման սեմինար է անցկացրել Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի միջնակարգ դպրոցում։

Թագուհի Հակոբյանն  աշակերտներին և ուսուցիչներին ներկայացրել է Տեսչական մարմնի կողմից վերահսկողության ենթակա գործունեության ոլորտները և օրենսդրությամբ սահմանված լիազորությունները։ Դիմելով դպրոցականներին նա կարևորել է.

«Դուք մեր երկրի ապագան եք։ Ձեր ուժն ու գիտելիքը հենց այն հենարանն են, որոնցով մենք կարող ենք ապահովել լավ ապագա։ Յուրաքանչյուր դպրոցականի առողջ և կրթական անվտանգ միջավայրում լինելը մեզ համար կարևորագույն առաքելություն է, և այդ առաքելությունն իրացնելու նպատակով Տեսչական մարմինը շարունակելու է իր այցելությունները դպրոցներ»։

Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը  դպրոցականների համար մատչելի և պարզ եղանակով ներկայացրել է․

  • խմելու ջրի որակի,
  • ձեռքերի ճիշտ լվացման հմտությունների,
  • դպրոցական պայուսակների ծանրաբեռնվածության խնդրի,
  • դասացուցակների ճիշտ կազմման,
  • հանրակրթական ուսումնական հաստատություններին ներկայացվող մի շարք այլ պահանջների,
  • Տեսչական մարմնի վերահսկողությանն առնչվող այլ կարևոր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն։

Հանդիպումը շարունակվել է ակտիվ հարցուպատասխանով, որի ընթացքում աշակերտներն ու ուսուցիչները հնարավորություն են ունեցել հստակեցնել իրենց հետաքրքրող հարցերը և ամրապնդել ներկայացված գիտելիքները։

Սեմինարի ավարտից հետո Թագուհի Հակոբյանը հանդիպել է նաև Այգեպար գյուղի բնակիչների հետ, հետաքրքրվել է վերջինների՝ Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներին առնչվող խնդիրների առկայությամբ։ Բնակիչները բարձր են գնահատել նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել իրենց խնդիրներն ու մտահոգություններն ուշադրության կենտրոնում պահելու համար։