Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Տեսչական մարմնի աշխատակիցներն այցելել են «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն»

Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը՝ ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանի և մի խումբ աշխատակիցների հետ այցելել է «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն»։

Խնամքի կենտրոնում Տեսչական մարմնի աշխատակիցները հանդիպել են տնօրեն Ռուբեն Խլոյանի, անձնակազմի և կենտրոնի բնակիչների հետ։

Շնորհավորելով կենտրոնի տարեց բնակիչներին՝ Սլավիկ Սարգսյանը մասնավորապես նշել է.

«Տարեցները մեր հասարակության հենասյունն են, նրանց անցած ճանապարհը և կյանքի փորձն իրենց հաջորդող սերունդների կողմից արժանի են երախտագիտության, միաժամանակ պարտավորեցնող են՝ այդ փորձն առնվազն պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու համար։ Այս օրը առիթ է ոչ միայն մեր երախտագիտությունն արտահայտելու, այլ նաև ընդգծելու մեր պարտականությունը՝ արժևորել և հոգ տանել տարեցների բարեկեցության մասին»։

Տեսչական մարմնի կողմից կենտրոնի տարեցների համար կազմակերպվել էր հյուրասիրություն և տեղում ստեղծվել էր ջերմ և ուրախ միջավայր՝ օրը նրանց համար վերածելով իսկական տոնի։

Միաժամանակ, տոնի կապակցությամբ կենտրոնին հանձնվել են նվերներ, որոնք կօգնեն առավել ուրախ և հետաքրքիր դարձնել տարեցների առօրյան։

Կենտրոնի տնօրինությունը, անձնակազմը և հատկապես տարեց բնակիչները շնորհակալություն հայտնեցին այցի համար և նշեցին, որ չափազանց շոյված են Տեսչական մարմնի վերաբերմունքից, նվերներից և պարգևած տոնից։

Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական և իրազեկման գործառույթները միտված են նաև խնամքի կենտրոններում տարեցների համար առողջ և անվտանգ միջավայր ապահովելուն։

 Սեպտեմբերի 28-ը կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Կատաղությունը վիրուսային հիվանդություն է, որից աշխարհում տարեկան մահանում են տասնյակ հազարավոր մարդիկ։

Մարդը վարակվում է հիվանդ կամ հիվանդության գաղտնի շրջանում գտնվող կենդանու կծելու, ճանկռելու՝ մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականությունը խախտելու և թքոտելու արդյունքում: 

Կատաղություն հիվանդությունը հատուկ բուժում չունի և մարդու մոտ կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:

Կատաղություն հիվանդության կանխարգելման նպատակով հորդորում ենք.

Կենդանու (շուն, կատու, աղվես, գայլ, արջ, առնետ) կողմից կծելու և մաշկի ամբողջականության խախտում առաջացնելու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության՝ համապատասխան կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար:

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերություններին՝ խստորեն պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 14-ի N 13-Ն հրամանով հաստատված՝ «Բնակչության շրջանում կատաղություն հիվանդության կանխարգելում» ՍԿ3.1.1-0-26-12 սանիտարահամաճարակաբանական կանոններով և նորմերով սահմանված պահանջները։

Իրազեկման համատեղ սեմինար՝ Սիսիան քաղաքում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի պետի պարտականությունները կատարող Արտեմ Այվազյանի գլխավորությամբ 2025 թվականի սեպտեմբերի 22-ին Սիսիան քաղաքում տարածքային կենտրոնի աշխատակիցներն անցակացրել են իրազեկման համատեղ սեմինար։

Ներկայացվել են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման, աշխատանքային օրենսդրության վերահսկողության, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտները կարգավորող օրենսդրականև ենթաօրենսդրական ակտերը և հատկապես շեշտել են դրանց պահպանման անհրաժեշտությունը։

Սեմինարին մասնակցել են հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական և մշակութային հաստատությունների, ինչպես նաև մարզադպրոցների շուրջ 5 տասնյակ ներկայացուցիչներ։

Միջոցառման ավարտին Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են նաև մասնակիցների հարցերին։