Համաձայնագրի ստորագրում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։

Հաշվի առնելով, որ սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Աշխատանքային օրենսգրքի նկատմամբ Տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները, կողմերը սույնով ստանձնեցին.

-ստեղծել համատեղ աշխատանքային խումբ` աշխատանքային օրենսդրության կիրարկման մասին գործատուների համար ձեռնարկ մշակելու և հրապարակելու,

-համատեղ իրազեկման միջոցառումներ իրականացնելու համար։

ՀՀ ԱԱՏՄ և Թայեքս համագործակցության շրջանակներում կայացել է Քովիդի 19-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ առցանց աշխատաժողով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Թայեքս համագործակցության շրջանակներում հունիսի 28-29-ին կայացել է Քովիդի 19-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ առցանց աշխատաժողով։

Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նոնա Հայրապետյանը ներկայացրել է Տեսչական մարմնի կողմից Քովիդ 19-ի կանխարգելմանն ուղղված գործողությունները, օրենսդրությունը և դրա կիրարկումը ՀՀ-ում։

ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանը ներկայացրել է ՀՀ պետական սահմանի անցման կետերում ԱԱՏՄ սահմանային վերահսկողական հսկիչ կետերի գործունեությունը։

ԵՄ գործընկերներն իրենց հերթին ներկայացրել են Դանիայում և Ավստրիայում Քովիդ 19-ի կանխարգելման ուղղությամբ տեսչական մարմինների կողմից իրականացվող աշխատանքները։

Թայեքս տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքը Եվրահանձնաժողովի գործիքն է, որն աջակցում է պետական կառավարման մարմիններին` ԵՄ օրենսդրության մոտարկման, կիրառման, ինչպես նաև ԵՄ լավագույն փորձի փոխանակման շրջանակներում:

Թայեքսը հիմնականում կարիքների հիման վրա ստեղծված գործիք է, որն անհատական կարճաժամկետ փորձագիտական խորհրդատվություն է տրամադրում հարցերի լուծման վերաբերյալ:

Շրջայց Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում

Համավարակով պայմանավորված ԱԱՏՄ գործառույթների արդյունավետության գնահատման նպատակով, այսօր Հարավային Կովկասում ԱՀԿ գրասենյակի՝ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովը, ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը շրջայց են կատարել Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում։

Շրջայցի ընթացքում ներկայացվել են Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակում կատարվող գործառույթները։

Կանխարգելմանն ուղղված աշխատանքների գնահատումն իրականացվել է վիզուալ, գնահատման թերթիկի միջոցով։

ԱՀԿ գնահատող խումբն արդյունքները կներկայացնի հայկական կողմին։