Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը սահմանամերձ Երասխի միջնակարգ դպրոցում

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը 2025 թվականի հոկտեմբերի 30-ին իրազեկման սեմինար է անցկացրել սահմանամերձ Երասխի միջնակարգ դպրոցում։

Սեմինարին ներկա է եղել նաև Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը։

Երասխի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարո Չավուշյանի գլխավորությամբ սեմինարին մասնակցել են դպրոցի բարձր դասարանների աշակերտներն ու մանկավարժական կազմը։

Թագուհի Հակոբյանը մասնակիցներին ծանոթացրել է Տեսչական մարմնի լիազորություններին և այդ շրջանակներում իրականացվող գործառույթներին, այնուհետև ներկայացրել է հանրային առողջապահության ապահովման ոլորտում գործող մի շարք նորմերի պահանջներ։

Մասնավորապես՝

  • դպրոցներում դասացուցակների ճիշտ կազմման և պայուսակների ծանրաբեռնվածության,
  • վարակիչ հիվանդությունների կանխարգելման, այդ թվում՝ պատվաստումների,
  • դիմակների ճիշտ օգտագործման,
  • ջրի որակի համար սահմանված նորմերի,
  • ձեռքերի հիգիենայի,
  • հանրակրթական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ։

Միջոցառումն ընթացել է ազատ հաղորդակցման եղանակով, ինչը հնարավորություն է տվել դպրոցականներին ակտիվ մասնակցել և հնչեցնել իրենց հետաքրքրող հարցերն ու ստանալ պատասխաններ։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը կարևորել է նման հանդիպումները հատկապես սահմանամերձ համայնքներում՝ ընդգծելով, որ Տեսչական մարմնում իրազեկվածությունը համարվում է գործունեության առաջնային միջոց։





Սեմինարից հետո Թագուհի Հակոբյանը հանդիպել և զրուցել է Երասխ գյուղի բնակիչների հետ, ներկայացրել Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները և հետաքրքրվել այդ շրջանակներում հնարավոր խնդիրների առկայությամբ։

Բնակիչները շնորհակալություն են հայտնել խնդիրներով հետաքրքրվելու և իրենց ուշադրության կենտրոնում պահելու համար։


Իրազեկման սեմինար «ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ-ում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանի գլխավորությամբ տարածքային կենտրոնի աշխատողները 2025 թվականի հոկտեմբերի 24-ին իրազեկման սեմինար են անցկացրել «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ում, որին մասնակցել է նաև «ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ Բնապահպանության և տեխնիկական անվտանգության գծով կառավարիչ Անուշ Գևորգյանը։

Սեմինարի մասնակից արտադրամասերի ղեկավարներին և վարչական այլ պաշտոն զբաղեցնող աշխատողներին, ընդհանուր շուրջ 15 աշխատակցի, ներկայացվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթները՝ աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը և բովանդակությունը, պայմանագրի լուծումը, վերջնահաշվարկի վճարման, արձակուրդի տրամադրման կարգը, վճարումները, արտաժամյա և գիշերային աշխատանք, հաշմանդամության հիմքով խտրականության արգելքը, արտադրական պրոցեսում տեղի ունեցած դժբախտ դեպքերի և դրանցով իրականացված ծառայողական քննության հետ կապված հարցերը և այլն։

Միջոցառման ավարտին Տեսչական մարմնի աշխատողները պատասխանել են նաև ներկաների հարցերին։

 

Հաստատվել է «Բժշկական արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը

ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի N 139-Ն հրամանով հաստատվել է «Բժշկական արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը և ուժը կորցրած է ճանաչվել  ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանը։

  • Նորմատիվը նախատեսված է ՀՀ տարածքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար, որոնք իրականացնում են բժշկական արտադրատեսակների մաքրում, ախտահանում, նախամանրէազերծում, մանրէազերծում, ինչպես նաև՝ վարսահարդարման (մատնահարդարում, ոտնահարդում, դիմահարդարում), կոսմետիկ միջամտություններ (մաշկի հիգիենիկ մաքրում, էպիլյացիա, դաջվածք, դակում, մերսում) իրականացնող ոչ բժշկական կազմակերպությունների (այսուհետ` ոչ բժշկական կազմակերպություն) համար:

  • Նորմատիվը սահմանում է բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում բժշկական արտադրատեսակների դասակարգմանը, մշակման իրականացմանը և մշտադիտարկմանը ներկայացվող պահանջները:

Հրամանն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի նոյեմբերի 04-ին։

Հրամանի հղումը։