Ընկերությունը խախտել էր օրենքը. Կայացվել է վարչական տույժ նշանակելու որոշում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկը՝ ֆեյսբուքյան իր էջով իրականացնում է ծխախոտային արտադրատեսակների գովազդ՝ խախտելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքը։

Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հարուցված վարչական վարույթի շրջանակում ուսումնասիրվել է մայրաքաղաքում գործունեություն իրականացնող նշված ընկերության պաշտոնական կայքէջը և ֆեյսբուքյան էջը։

Պարզվել է, որ նշված ընկերությունը խախտել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները․ այն է՝ արգելվում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը:

Վարույթի արդյունքում ընկերության տնօրենի նկատմամբ կայացվել է վարչական տույժ նշանակելու որոշում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկի (750.000 դրամ) չափով։

Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ կազմակերպված պայքարը սկսվել է 2002 թվականին:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ներգրավված է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ՀՀ 2020-2022թթ․ ազգային ծրագիր»-ից բխող՝ վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկման աշխատանքներում։

Տեսչական մարմնին վերապահված չէ հարկադիր աշխատանքի հայտնաբերման հատուկ լիազորություն, սակայն իրականացնելով պետական վերահսկողություն աշխատանքային իրավունքի նկատմամբ, հարկադիր աշխատանքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում համագործակցում է պետական այլ մարմինների հետ։

Փոփոխություն և լրացում է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ

ՀՀ կառավարության հուլիսի 28-ի նիստում N 1166-Ն որոշմամբ փոփոխություն և լրացում է  կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։

Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի հավելված 2-ի 2.1 և 2.3 ստուգաթերթերի մեջ իրականացվել են հետևյալ փոփոխություններ և լրացումներ։

Մասնավորապես,  2.1 ստուգաթերթը լրացվել է հետևյալ կետերով՝

 

  • N 10.1 կետը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի փաթեթավորմանը, պիտակավորմանը, մակնշմանը՝ ներառյալ դեղերի ներդիր-թերթիկին, ինչպես նաև ընդհանուր բնութագրին ներկայացվող պահանջները պահպանված են
  • N 18.1 կետը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղեր չեն առաքվում,
  • N 18.2 կետը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ դեղերը պատվիրատուին առաքվում են ամբողջականությունը չխախտված սպառողական փաթեթներով՝ ապահովելով դեղի գրանցման ժամանակ հաստատված պահման ու տեղափոխման պայմանները:

 «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:

Մանրամասները՝ հղումով

https://cutt.ly/DZjSYLB