Բանկեր և փոստային մասնաճյուղեր․ ԱԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերն ու կասեցումները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերջին օրերին անվտանգության կանոնների զգալի խախտումներ է արձանագրել հանրային սպասարկում իրականացնող մի շարք կառույցներում, մասնավորապես, բանկեր և «Հայփոստի» մասնաճյուղեր։ Դրանցում իրականացված ստուգայցերի որոշ մասի համար հիմք են ծառայել ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղ գտած որոշ լուսանկարներ՝ հնարավոր խախտումների վերաբերյալ։

ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատան առաջին հարկում գործող 3 բանկերի մասնաճյուղերի կասեցման ընթացքում արձանագրվել է, որ նախորդիվ այստեղ դիտարկված խախտումների մի մասը, մասնավորապես, գծանշումների բացակայության և փոքր տարածքում միաժամանակ մի քանի աշխատող ունենալու հետ կապված, վերացված չի եղել։ Դրանց վերացմանը համապատասխան աշխատակիցները ձեռնամուխ են եղել անմիջապես կասեցման պահին՝ ԱԱՏՄ մասնագետների ներկայությամբ։

Բանկերի մասնաճյուղերի կասեցումներ են եղել նաև մարզերում, մասնավորապես, նաև Գյումրի քաղաքում։

ԱԱՏՄ կողմից տնտեսավարողների գործունեության ժամանակավոր կասեցմանը նախորդում են իրազեկման և մշտադիտարկման աշխատանքներ։ Լայնածավալ անակնկալ ստուգայցեր են տարվում ողջ հանրապետությունում՝ ուշադրության կենտրոնում պահելով առևտրի օբյեկտները, արտադրությունները, գեղեցկության սրահները, ստոմատոլոգիական կենտրոնները և ԱԱՏՄ վերահսկողության դաշտում գտնվող այլ ոլորտների տնտեսավարողները։ Վերջինների կողմից անվտանգության նորմերի չպահպանման վերաբերյալ թեժ գծով ստացված ահազանգերի հիմքով եւս եղել են հարյուրավոր կասեցումներ։

ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը, քանի որ դրանով է պայմանավորված կորոնավիրուսի հետագա տարածման կանխումը։ Խախտումերի համար սահմանված են վարչական պատասխանատվության միջոցներ, կրկնախախտման համար՝ առավել լուրջ։

«Նոր Զովք» սուպերմարկետը խախտել է ՀՀ պարետի որոշման պահանջները

 

ՀՀ պարետի որոշմամբ` այսօր 24-ժամով կասեցված «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի՝ Երեւանի Հանրապետության 71 հասցեում գործող մասնաճյուղը, խախտելով պարետի որոշման պահանջները, շարունակել է ինքնակամ գործել։

Դիտարկված խախտման վերաբերյալ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից հրատապ տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը՝ սահմանված կարգով քայլեր ձեռնարկելու։ Վերջինս օպերատիվ արձագանքելով ահազանգին՝ տեղում արձանագրել է խախտումն ու կազմել արձանագրություն։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ տեղեկացնում է՝ ՀՀ պարետի որոշումները ենթակա են պարտադիր կատարման։ Դրանց չկատարման դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182,3 հոդվածով։

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցի ընթացքում արձանագրված խնդիրների հիմքով՝ ՀՀ պարետի hունիսի 5-ի N 115-Ն որոշմամբ՝ այսօր 24 ժամով կասեցվել էր «Նոր Զովք» ՍՊԸ-ի՝ Հանրապետության 71 հասցեում գործող սուպերմարկետի գործունեությունը։

 

Կասեցումներ եւ ստուգայցեր` նաեւ հանգստյան օրերին

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին։

Թեեւ վերջին շրջանում այս խախտումների նվազման դինամիկա է նկատվում, սակայն, ցավոք, դեռ արձանագրվում են տարատեսակ խախտումներ. առավել հաճախ` սոցիալական հեռավորություն չպահպանելու, դիմակ չկրելու կամ ճիշտ չկրելու, ախտահանման գործընթացը պատշաճ չկատարելու առումով։

Պարետի կողմից կասեցման որոշումը ենթակա է պարտադիր կատարման. այլապես սահմանված է վարչական պատասխանատվություն։