7921 զանգ 2025 թվականին․ ԱԱՏՄ թեժ գիծ

Տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով 2025 թվականին ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ստացվել է 7921 զանգ և 176 Ֆեյսբուքյան հարցում:

«Թեժ գծով» ստացված զանգերի բաշխումն ըստ ոլորտների՝

  • Տեղեկատվություն՝ 2986 (37,7%),
  • Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն՝ 2884 (36,4%),
  • ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 1467 (18,5%),
  • Բնակչության շրջանում սանիտարահամաճարակային անվտանգության վերահսկողություն՝ 317 (4%),
  • Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն՝ 180 (2,3%),
  • Դեղերի շրջանառության վերահսկողություն՝ 87 (1,1 %)։

Իրազեկման սեմինար Զանգակատան միջնակարգ դպրոցում և հանդիպում համայնքի բնակիչների հետ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից շարունակվում են այցերը սահմանամերձ համայնքների հանրակրթական հաստատություններ։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանն այցելել է Արարատի մարզի Զանգակատուն գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ անցկացրել է իրազեկման միջոցառում աշակերտների և դպրոցի անձնակազմի համար։

Այցին մասնակցել են hիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը։

Թագուհի Հակոբյանն անձնակազմին և աշակերտներին  ներկայացրել է Տեսչական մարմնի տեղը և դերը պետական կառավարման մարմինների համակարգում, գործունեության նպատակը, վերահսկողության ենթակա ոլորտները և լիազորությունները, այդ շրջանակում մասնավորեցնելով  երեխաների առողջության պահպանմանն առնչվող օրենսդրությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն աշակերտներին ծանոթացրել է վերահսկողության յուրաքանչյուր ոլորտին առանձին, անդրադարձել այն հարցերին, որոնց երեխաները կարող են հանդիպել կամ առնչվել իրենց առօրյայում՝ նրանց փոխանցելով անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ։

Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը դպրոցականներին ներկայացրել է.

  • սանիտարական կանոնները հանրակրթական հաստատություններում,
  • դասասենյակների կահավորումը,
  • կրթական գործընթացի կազմակերպումը,
  • վարակիչ հիվանդությունների կանխարգելումը։

Դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող Թ. Միքայելյանը և ուսուցիչները ողջունել են նախաձեռնությունը՝ ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը աշակերտների և ուսուցիչների համար։

Միջոցառումն ավարտվել է հետաքրքրող հարցերի ակտիվ քննարկմամբ և պարզաբանմամբ։

Այնուհետև Թագուհի Հակոբյանը հանդիպել է Զանգակատուն գյուղի բնակիչներին, այցելել նրանց տներ, զրուցել և հետաքրքրվել Տեսչական մարմնի վերահսկողությանն առնչվող հնարավոր խնդիրներով։

Բնակիչներն ուրախությամբ են արձագանքել հանդիպմանը և կարևորել պետական մարմնի քայլը՝ համայնքների բնակիչներին մոտ գտնվելու և նրանց խնդիրներով մտահոգվելու նմանօրինակ մոտեցումը։

 

Տեղի է ունեցել Տեսչական մարմնի ղեկավարի ամփոփիչ մամուլի ասուլիսը

2026 թվականի փետրվարի 12-ին տեղի է ունեցել Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են 2025 թվականին իրականացված աշխատանքները։

Սլավիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ներկա լրագրողներին՝ ասուլիսի լուսաբանմամբ Տեսչական մարմնի գործունեության հաշվետվողականության սկզբունքն իրացնելուն աջակցելու համար։

Այնուհետև Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքները՝ ըստ Տեսչական մարմնի գործունեության ամբողջականությունն ապահովող առանձին գործընթացների՝ կանխարգելիչ գործունեություն, վերահսկողություն և հետադարձ կապ, սկսելով առաջնայինից՝ կանխարգելիչ գործունեությունից։

Սլավիկ Սարգսյանը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում Տեսչական մարմնի կողմից իրականացվել է.

🔴 10939 կանխարգելիչ միջոցառում, որից՝

◼️603 իրազեկում տնտեսավարողների և հանրության համար, այդ թվում՝
✔62 սեմինար թիրախային խմբերի համար,

◼️ 10336 խորհրդատվական գործունեություն, այդ թվում՝

✔ 2239 խորհրդատվություն տնտեսավարողներին,
✔ 7921 «Թեժ գիծ» ծառայութամբ զանգ,
✔ 176 ֆեյսբուքյան հարցման պատասխան։

Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ իրազեկումն արդյունավետ է վերահսկողությունից այն տեսանկյունից, որ մեկ ստուգման նույն կադրային ներուժով հնարավոր է իրականացնել մեկ դասընթաց և դրանում ներառել տնտեսավարող սուբյեկտների առավել մեծ լսարան՝ մի քանի տասնյակ տնտեսավարողներ, հետևաբար իրազեկման արդյունավետությունն անհամեմատ բարձր է։

Վերահսկողության շրջանակներում Սլավիկ Սարգսյանը ներկայացրել է.

🔴 3603 վերահսկողական աշխատանք, այդ թվում՝

◼️859 տարեկան ծրագրով ստուգում,
◼️314 վերստուգում,
◼️16 ըստ անհրաժեշտության այլ ստուգում։

Խախտումները վերացնելու նպատակով տրվել է 454 հանձնարարական (կարգադրագիր):

◼️ 2414 վարչական վարույթ, այդ թվում՝

✔ 835 դիմումի հիման վրա,
✔ 1579 նախաձեռնությամբ, որից 175-ը՝ կարգադրագրով տրված առաջադրանքների կատարումը պարզելու նպատակով․

Խախտումները վերացնելու նպատակով տրվել է 450 հանձնարարական (կարգադրագիր)։

1741 վարույթ կարճվել է, այդ թվում՝ 314-ը՝ դիմումից հրաժարվելու հիմքով, իսկ մնացածն ընթացքի մեջ են։

Տեսչական մարմնի ղեկավարը վերահսկողության շրջանակներում անդրադարձել է կոսմետոլոգիական ծառայություններ մատուցողների նկատմամբ նախաձեռնած վերահսկողական գործընթացին՝ նշելով գործընթացի համար հիմք հանդիսացած բարձր ռիսկերը և ներկայացնելով արդյունքները։ Նա նաև խոսել է կեղծ դիպլոմների հայտնաբերման դեպքերի մասին։

Հաջորդիվ Սլավիկ Սարգսյանը ներկայացրել է հետադարձ կապի շրջանակներում իրականացված աշխատանքները՝ գործընկերային հանդիպումներ, մարզային այցեր, բնակիչների հետ հանդիպումներ իրենց տներում։

Այնուհետև Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է 2026 թվականի անելիքները։

Մինչ ասուլիսը քաղաքացիներին և տնտեսավարողներին հնարավորություն էր տրվել նախապես ուղարկել Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող և իրենց մտահոգող հարցերը։ Ասուլիսի վերջում Սլավիկ Սարգսյանը անդրադարձել է քաղաքացիների բոլոր հարցերին՝ ապահովելով թափանցիկությունը, այնուհետև պատասխանել է լրագրողների հնչեցրած բազմաբնույթ հարցերին։

Տեսանյութը՝ ստորև։