Սեմինար՝ «Աշխատանքային իրավունքի, ինչպես նաև աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման խնդիրները աշխատավայրում» թեմայով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2025 թվականի հուլիսի 15-ին, աշխատանքի անվտանգության ինժեներների նախաձեռնող խմբի հետ համատեղ իրականացրել է իրազեկման սեմինար՝ «Աշխատանքային իրավունքի, ինչպես նաև աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման խնդիրները աշխատավայրում» թեմայով։

Սեմինարն անցկացրել են Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը, նույն վարչության՝ աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը,  աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Ստեփան Շահումյանը, ինչպես նաև աշխատանքի անվտանգության ինժեներների նախաձեռնող խմբի անդամներ Լիանա Խաչատրյանը և Եղիշե Սարգսյանը։

Վարչության պետ Արա Մկրտչյանը սահիկաշարով ներկայացրել է ստուգումների կազմակերպման և իրականացման գործընթացը, նախատեսվող փոփոխությունները, ինչպես նաև աշխատողների անվտանգության և առողջության պահպանման վերաբերյալ իրավական ակտերը։

Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, անդրադառնալով թվային համակարգի միջոցով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգին։

Աշխատանքի անվտանգության ինժեներների նախաձեռնող խմբի անդամներ Լիանա Խաչատրյանը և Եղիշե Սարգսյանը ներկայացրել են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ընդհանուր ռիսկերը՝ տարբեր ոլորտներում։

Տեղի է ունեցել նաև հարց ու պատասխան, կազմակերպիչները պատասխանել են մեկ տասնյակից ավելի ներկաների հարցերին։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը մարզային այցի շրջանակում հանդիպել է նաև բնակիչների հետ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղեկալ Թագուհի Հակոբյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցն ավարտել է մարզի Ծովինար գյուղի բնակիչների հետ հանդիպումներով։

Նպատակը Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունները բնակիչներին տեղում ներկայացնելն էր, ինչպես նաև՝ լսել նրանց մտահոգություններն ու առաջարկները։

Թագուհի Հակոբյանն ընդգծել է, որ Տեսչական մարմինը կարևորում է քաղաքացիների հետ արդյունավետ համագործակցությունը և ակնկալում է, որ խնդիրների առկայության դեպքում բնակիչներն անկաշկանդ ներկայացնեն դրանք․ «Մենք այցելում ենք համայնքներ ոչ թե որպես հյուրեր, այլ որպես գործընկերներ՝ հասկանալու իրական խնդիրներն այնտեղ, որտեղ դրանք ծագում են»։

Բաց քննարկման ձևաչափով հանդիպումների ընթացքում տեղի է ունեցել անմիջական և փոխադարձ լսում. գյուղի բնակիչները հնարավորություն են ունեցել ուղղել իրենց հարցերը։

Հանդիպումների արդյունքում ձևավորվել է կառուցողական երկխոսություն, որը կնպաստի բնակչության և Տեսչական մարմնի միջև վստահության ամրապնդմանը։

Նման հանդիպումները լինելու են շարունակական։



Իրազեկման սեմինար «Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմամարզական ճամբարում

«Իրազեկում ճամբարականների համար» նախաձեռնության շրջանակներում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանի հերթական կանգառը Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) «Եռասերունդ երկրապահ» ուսումնառազմամարզական ճամբարում էր, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում Հայաստանի բոլոր մարզերի պատանի երկրապահները, ինչպես նաև՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներ և մանկատների սաներ։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը ճամբարական երեխաներին և ճամբարի անձնակազմին ներկայացրել է Տեսչական մարմնի հիմնական գործառույթները, գործունեության ոլորտները և հանրային առողջությանն առնչվող կարևորագույն թեմաներ։

Իրազեկման արշավին մասնակցել են նաև Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, արևելյան տարածքային կենտրոնի բաժնի պետ Նելլի Աբրահամյանը։

Տեսչական մարմնի ներկայացուցիչները ճամբարականներին ներկայացրել են խմելու ջրի անվտանգության նորմերը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմնական մեթոդները։ Ներկայացվել է նաև դասացուցակների ճիշտ կազմման կարևորությունը։

Հանդիպումը շարունակվել է ակտիվ հարցուպատասխանով, որի ընթացքում պատանիները կարողացել են հստակեցնել իրենց հետաքրքրող հարցերը, կրկին անդրադառնալ ներկայացված տեղեկատվությանը և ամրապնդել ստացած գիտելիքները։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը ճամբարում հանդիպել է նաև ԵԿՄ  վարչության նախագահ Սասուն Միքայելյանին և նշել, որ այս նախաձեռնությունը կարևոր քայլ է պատանի երկրապահների գիտելիքների խորացման և պետական կառույցների գործառույթներին ծանոթացման ճանապարհին։

Թագուհի Հակոբյանն ու Սասուն Միքայելյանը շրջել են ճամբարում և քննարկել  ճամբարականների առողջ և անվտանգ առօրյայի հետ կապված հարցեր։