Իրազեկում «Ծիծեռնակ» ճամբարում և հանդիպում քաղաքացիների հետ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ հանրապետության ճամբարներում մեկնարկած իրազեկման  հերթական միջոցառումը Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանն անցկացրել է Լոռու մարզի «Ծիծեռնակ» մանկական ճամբարում։

Իրազեկման միջոցառմանը մասնակցել է Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, ներկա էր Հյուսիսային տարածքային կենտրոնի բաժնի պետ Անահիտ Զատիկյանը։

Ճամբարի անձնակազմին և ճամբարականներին՝ վերջինների համար հասանելի և պարզ եղանակով, ներկայացվել են Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներին առնչվող մի շարք կարևոր թեմաներ։

Մասնավորապես՝

  • դպրոցական դասացուցակների ճիշտ կազմման և պայուսակների ծանրաբեռնվածության,
  • վարակիչ հիվանդությունների կանխարգելման, այդ թվում՝ պատվաստումների, անձնական հիգիենայի,
  • դիմակների ճիշտ օգտագործման,
  • ջրի որակի հետ կապված և սահմանված այլ նորմեր։

Միջոցառման նպատակն էր նպաստել առողջ և ապահով միջավայրի ձևավորմանը, թե ամառային հանգստի ընթացքում, թե դպրոցական առօրյայում։

Միջոցառումն ավարտվել է ակտիվ հարցուպատասխանով։

 

Իրազեկման սեմինարից հետո Թագուհի Հակոբյանը Վանաձոր քաղաքի կենտրոնական պուրակում հանդիպել և զրուցել է նաև քաղաքի բնակիչների հետ։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը՝ ներկայացնելով կառույցի վերահսկողական գործառույթները, քաղաքացիներից հետաքրքրվել է՝ արդյո՞ք ունեն խնդիրներ կապված այդ գործառույթների հետ։

Քաղաքացիներն իրենց գոհունակությունն են հայտնել մարզային այցի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել իրենց խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու համար։


                                         Հանդիպում քաղաքացիների հետ

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին

Հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի ««Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում վարակի կանխարգելմանը և հսկողությանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը հաստատելու մասին» N 56 — Ն հրամանը։

Նորմատիվը սահմանում է բժշկական կազմակերպությունների՝

տեղակայմանը, ջրամատակարարմանը և ջրահեռացմանը ներկայացվող պահանջները,

բժշկական կազմակերպությունների միկրոկլիմային, օդափոխությանը, լուսավորությանը և աղմուկին ներկայացվող պահանջները,

բժշկական կազմակերպությունների բաժանմունքների և առանձին սենքերի ներքին հարդարմանը, գույքի և սարքավորումների շահագործմանը ներկայացվող ընդհանուր պահանջները,

․ վարակի կանխարգելմանն ու հսկողությանը ներկայացվող պահանջները,

բժշկական կազմակերպությունների շրջակա միջավայրի մաքրմանն ու ախտահանմանը ներկայացվող ընդհանուր պահանջները,

հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անկողնային պարագաների, բուժաշխատողների արտահագուստի լվացման գործընթացին ներկայացվող ընդհանուր պահանջները,

կաթետերների տեղադրմանը, թոքերի արհեստական շնչառության և ընդհանուր անզգայացման սարքերի կիրառմանը, բժշկական օգնության և սպասարկման դիմած անձի հիգիենային, առանձին բաժանմունքներում վարակի կանխարգելմանն ու հսկողությանը ներկայացվող առանձնահատուկ պահանջները։

Հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 24-ին։

Լողավազանային ծառայություններ մատուցող տնտեսավարողներին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ամառային հանգստի սեզոնին բնորոշ լողավազանային ակտիվությամբ պայմանավորված, հորդորում է տնտեսավարողներին խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության պահանջները։

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ անհրաժեշտ է պահպանել Առողջապահության նախարարի 2006 թ. մայիսի 17-ի N 534-Ն հրամանով սահմանված պահանջները։

Մասնավորապես՝

Լողավազանների ջրի մաքրության ապահովում՝ համաձայն սահմանված նորմերի

  • Պարբերական լաբորատոր հսկողություն ջրի որակի նկատմամբ,
  • Ջրի ախտահանում թույլատրված միջոցներով՝ սահմանված չափաբաժիններով:

Լողավազանի տարածքի սանիտարական մաքրություն և մշտադիտարկում

  • Օրվա ընթացքում բազմակի մաքրում և ախտահանում, հատկապես հասարակական օգտագործման գոտիներում (մուտքեր, հանդերձարաններ, սանհանգույցներ):

Անձնակազմի առողջական վիճակի հսկողություն

  • Տնտեսավարողը պարտավոր է ապահովել լողավազանների աշխատակիցների պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունները։

Այցելուների հիգիենիկ վիճակի հսկողություն

  • Արգելվում է լողավազան բաց վերքերով, մաշկային հիվանդություններով կամ սուր վարակիչ հիվանդությունների նշաններով անձանց մուտքը։

Տեսչական մարմինը ևս մեկ անգամ ընդգծում է՝ սեզոնային ակտիվությունների պայմաններում լողավազանների անվտանգ գործունեությունը կարևոր նախապայման է վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու համար։

Մանրամասները կից: