Հրապարակվել են Տեսչական մարմնի 2025 թվականի գործունեության և ստուգումների տարեկան ծրագրերը

Հաստատվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝

  • 2025 թվականի գործունեության տարեկան ծրագիրը,
  • 2025 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը։

2025 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել 877 ստուգում, 861 տնտեսավարողների մոտ՝ ըստ հինգ  ոլորտների, որոնցից` 831 բարձր ռիսկայնությամբ, 4 միջին ռիսկայնությամբ և 42 ցածր ռիսկայնության։

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ հղումով՝ https://www.hlib.am/applications/։

 

 

 

Սլավիկ Սարգսյանի աշխատանքային այցն Արմավիրի մարզ

Տեսչական մարմնի ղեկավարի  մարզային այցելությունները շարունակվում են։

Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը խորհրդակցություն են անցկացրել մարզային բուժհաստատությունների ղեկավարների և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը, Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը և մասնագիտական ստորաբաժանումների պետերը։

Մարզպետ Արգիշտի Մեխակյանը, կարևորել է նման հանդիպումը՝ ընդգծելով, որ քննարկումների, համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել իրազեկվածության մակարդակը, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աշխատանքային մի շարք բացթողումներ։

Հանդիպման ընթացքում Սլավիկ Սարգսյանն ընդգծեց գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությամբ պայմանավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հակահամաճարակային աշխատանքների կարևորությունը և հորդորեց խստագույնս ապահովել համապատասխան սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով սահմանված պահանջները, մասնավորապես՝ դիմակների պարտադիր կրելը բուժանձնակազմի և այցելուների կողմից։ Միաժամանակ, Տեսչական մարմնի ղեկավարը կարևորեց բժիշկների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային եղանակով, դեղատոմսերի դուրս գրման հարցը։

Խորհրդակցությունից հետո մասնակիցները շրջայց են կատարել Արմավիրի բժշկական կենտրոնում, ծանոթացել առողջապահական պայմաններին, զրուցել աշխատակիցների և բուժառուների հետ՝ պատասխանելով նրանց կողմից հնչեցված հարցերին։

Տեսչական մարմինն իրազեկում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին

Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությամբ պայմանավորված հիվանդացության նվազեցման և վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հակահամաճարակային աշխատանքները կազմակերպել՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 34-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողություն» սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով սահմանված պահանջները։

Մասնավորապես՝

  • Ուժեղացնել հակահամաճարակային ռեժիմը (ջերմային ռեժիմի պահպանում, ընթացիկ ախտահանում, դիմակների օգտագործում),
  • Բուժանձնակազմի կողմից աշխատանքի ժամանակ օգտագործել միանվագ դիմակներ` փոխելով 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության,
  • Ախտահանել սեզոնային գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդի շրջապատի առարկաները և միջավայրը, իսկ հիվանդասենյակները, միջանցքները, ընդհանուր օգտագործման վայրերը, միջամտությունների աշխատասենյակները ենթարկել խոնավ մաքրման օրը 2-3 անգամ՝ ախտահանիչ նյութերի օգտագործմամբ,
  • Իրականացնել հիվանդասենյակների, շենքի լավ օդափոխում օրը մի քանի անգամ 8-10 րոպե տևողությամբ և ուլտրամանուշակագույն ճառագայթում,
  • Իրականացնել սեզոնային գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների հետ շփվող անձնակազմի շրջանում կանխարգելիչ միջոցառումներ (պատվաստում):
  • Իրականացնել բնակչության շրջանում քարոզչական աշխատանքներ (հատուկ ուշադրություն դարձնելով գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելման և հիվանդների բժշկական օգնության ցուցաբերման հարցերին)։