Օդի ջերմաստիճանի սպասվող կտրուկ բարձրացմանն ընդառաջ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է

🌞Հայաստանի մի շարք տարածքներոմ օգոստոսի 10-ից սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, մասնավորապես՝ Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։

Շոգ եղանակին օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է հետևել ներքոնշյալ կանոններին.

  • օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ, օրական 2-3 լիտր (սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն միայն բուժող բժշկի հետխորհրդակցելուց հետո),
  • խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, քայլել ստվերում, կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել բաց գույնի, բամբակյա կտորից, ազատ, օդաթափանց հագուստ,
  • ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին,
  • հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի օճառի օգտագործմամբ,
  • չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ցանցի ջրով,
  • շոգ եղանակին հրաժարվել յուղոտ, մեծ քանակի ճարպ պարունակող, դժվարամարս սննդամթերքից: Օգտագործել թեթև, ավելի դյուրամարս՝ մրգային, բանջարեղենային, վիտամիններով հարուստ սնունդ։

🏗 Հիշեցում գործատուներինԱշխատանքը բարձր ջերմաստիճանի պայմաններում

ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված է, որ աշխատավայրում +40 աստիճան ցելսիուսից բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի ժամանակ, երբ հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ, աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին պետք է տրամադրվեն հատուկ ընդմիջումներ՝ հովանալու և հանգստանալու համար,

  • հատուկ ընդմիջումները պետք է կիրառվեն հաշվի առնելով կատարվող ֆիզիկական աշխատանքի ծանրությունը, հետևյալ սկզբունքով՝ ավելի ծանր ֆիզիկական աշխատանքներ կատարող աշխատողների համար ապահովել հաճախակի և ավելի երկար տևողությամբ հատուկ ընդմիջումներ, առավելագույնս նվազեցնելով ջերմային ծանրաբեռնվածության գումարային տևողությունը,
  • ապահովել աշխատավայրում թույլատրելի ջերմաստիճանային պայմաններով հանգստի տեղեր,
  • հաշվի առնելով աշխատանքային պայմանները, աշխատողներին ապահովել անհատական պաշտպանության միջոցներով՝ գլխարկներ, բաց գույնի արտահագուստ, հովանոցներ, արևային ակնոցներ,
  • բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար աշխատատեղերը և հանգստի տեղերն ապահովել լվացվելու և խմելու ջրով:

Ճամբարներում դպրոցականների ամառային հանգիստի պատշաճ կազմակերպումը ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում

Հանրապետության բոլոր մարզերից, հազարավոր դպրոցականներ իրենց ամառային հանգիստն են անցկացնում ամենատարբեր՝ ուսումնական, մարզական ու ժամանցային ճամբարներում։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, արդեն երկրորդ տարին անընդմեջ, նախքան ամառային ճամբարներում դպրոցականներին ընդունելը, ոլորտային մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացնում ՀՀ Կոտայքի մարզի Հանքավանի և Ծաղկաձորի թվով 6 ճամբարներում։

Ճամբարներ կատարված այցերի արդյունքում, Տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ վերահսկողություն իրականացնելու նպատակով հարուցվել են վարչական վարույթներ․

  • ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի փետրվարի 12-ի №236-Ն հրամանով հաստատված «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեղակայմանը, կառուցվածքին և շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» №2-III-2.1. սանիտարական նորմերի և կանոնների,
  • ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի №876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» №2-ΙΙΙ-Ա 2-1 Սանիտարական նորմերի և կանոնների2 կետի № 1 հավելվածի և 3.3.2 կետի պահանջների պահպանումը պարզելու նպատակով։

 

2022 թվականին հարուցված վարչական վարույթների շրջանակում իրականացվել են զննումներ և խմելու ջրի որակի լաբորատոր հետազոտություն։

Արդյունքում՝ ճամբարներից մեկում հարուցված վարչական վարույթը կարճվել է՝ իրավիճակի փոփոխմամբ վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը վերանալու հիմքով։

Ընդհանուր առմամբ արձանագրվել է՝

  • Ճամբարների խմելու ջրի որակը՝ ըստ փորձագիտական ընկերության տրամադրած եզրակացության, չի համապատասխանում սահմանված պահանջներին,
  • Ճամբարներում աշխատող անձնակազմը չի ենթարկվել առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության,

Որոշ ճամբարներում՝

  • օգտագործվող մաքրման պարագաները չեն պահվում ըստ իրենց նշանակության՝ առանձին տարածքներում,
  • բացակայում է մաքուր սպիտակեղենի պահման առանձին սենքը՝ դարակաշարերով,
  • ապահովված չեն մաքուր սպիտակեղենի անհրաժեշտ լրակազմով,
  • աղբի կուտակման համար նախատեսված կոնտեյներները չունեն կափարիչներ, մասնագիտացված կազմակերպության կողմից չի իրականացվում աղբի հեռացում առնվազն 3 օրը 1 անգամ,
  • ճամբարում սենքերը ապահովված չեն որակյալ մաքրման համար հարթ, ամբողջական մակերեսով պատերով, առաստաղով, հատակով և գույքով՝ ննջարաններում անբավարար են կողապահարանները, հագուստի և կոշիկի պահարանները։

Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով բոլոր 5 ճամբարներին տրվել են կարգադրագրեր։

2023 թվականի հունիս ամսին՝ նախքան ճամբարների գործունեության վերսկսումը, կարգադրագրով տրված առաջադրանքների կատարված լինելը պարզվելու նպատակով Տեսչական մարմնի նախաձեռնությամբ կրկին հարուցվել են վարչական վարույթներ, որոնց շրջանակում իրականացվել է վերահսկողություն։

Արդյունքում՝ 4 ճամբարներում հարուցված վարչական վարույթները կարճվել են՝ կարգադրագրով տրված առաջադրանքները կատարված, խախտումները վերացված լինելու հիմքով:

Ծաղկաձոր համայնքում գործող ճամբարի տնօրենի նկատմամբ կիրառվել է տուգանք` 50․000 ՀՀ դրամի չափով՝ Կարգադրագրով տրված առաջադրանքները չկատարելու համար, իսկ Կարգադրագրով տրված առաջադրանքների կատարված լինելը պարզելու նպատակով հարուցած վարչական վարույթն ընթացքի մեջ է։

 

ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ սեմինար-իրազեկում Վանաձոր քաղաքում

Օգոստոսի 03-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ստորաբաժանման մասնագետները, Վանաձոր քաղաքում իրականացրեցին իրազեկման սեմինար՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ։

Սեմինարին մասնակցել են պետական և մասնավոր կազմակերպությունների շուրջ 23 ներկայացուցիչ։

Հանդիպման ընթացքում բանախոսները մասնկիցներին ներկայացրեցին  2023 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ մտած ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները։

Տեսչական մարմնի մասնագետները, մասնակիցներին հետաքրքրող հարցերին տվեցին սպառիչ պատասխաններ, տեղի ունեցավ քննարկում։

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի հուլիսի 31-ին։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվել է 122-ը։