Առողջապահության նախարարի նոր հրամանը

Հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 26-ի ««Սպորտային վնասվածքների հաշվառմանը  և հաղորդմանը  ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-001-23 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 37-Ն հրամանը:

Հրամանով կարգավորվում է  սպորտային վնասվածքների հաշվառման և հաղորդման կարգը։

Սույն սանիտարական կանոնները նախատեսված են օլիմպիական հերթափոխի ուսումնարանների, բոլոր մանկապատանեկան մարզական կազմակերպությունների՝ մանկապատանեկան մարզադպրոցների, մանկապատանեկան մարզական տեխնիկական դպրոցների, օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցների, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների համար:

Սպորտային վնասվածքի դեպքի մասին մարզադպրոցը կամ բժշկական կազմակերպությունը, որտեղ դիմել է պացիենտը, անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով շտապ հաղորդում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ Ազգային կենտրոն) տարածքային մասնաճյուղ, այնուհետև 24 ժամվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում Ազգային կենտրոնին՝ սպորտային վնասվածքի դեպքի մասին շտապ հաղորդման քարտի ձևաչափով։

Սպորտային վնասվածքների դեպքերն անհատապես հաշվառվում են «Սպորտային վնասվածքների դեպքերի հաշվառման մատյան»-ում։

Հրամանն ուժի մեջ է մտել 2023 թվականի օգոստոսի 8-ին։

Մանրամասները՝ հղմամբ։
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180981

 

Սլավիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում

ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 11-ի N 837-Ա որոշմամբ Սլավիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում։

Իրազեկում

Հաշվի առնելով, Հայաստանի մի շարք տարածքներում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, մասնավորապես՝ Արարատյան դաշտում և Երևանում, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը

ԻՐԱԶԵԿՈՒՄ Է

2023 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-160-Ն օրենքով, ի թիվս այլոց, փոփոխություն է կատարվել նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ՝ «Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները» հոդվածի 3-րդ մասում։

Ըստ նոր խմբագրության՝

  • Հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է պլյուս 40 աստիճան ցելսիուսից բարձր կամ մինուս 10 աստիճան ցելսիուսից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, ինչպես նաև ծանր ֆիզիկական կամ մտավոր և հուզական գերլարված բնույթ կրող պայմաններում կամ այն դեպքերում, երբ աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված՝ առողջության համար անվտանգ մակարդակի:

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի հուլիսի 31-ին, բացառությամբ՝ մի քանի հոդվածների։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից փոփոխվել և լրացվել է 122-ը։