Աշխատանքային սեմինար՝ Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի պատասխանատուների և տեսուչների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային սեմինար կենտրոնական ապարատի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության և տարածքային կենտրոնների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների, տեսուչների, մասնագետների և Իրավական աջակցության բաժնի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպումը վարել է Տեսչական մարմնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը։

ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի նիստում N 981-Ն որոշմամբ լրացումներ և փոփոխություններ էր կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ, որով նոր խմբագրությամբ շարադրվել են բժշկական օգնության և սպասարկման վերահսկողությն ոլորտում գործող բոլոր ստուգաթերթերը։ Հաշվի առնելով վերոգրյալը և, որ շուտով մեկնարկելու են 2023թ ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման ոլորտի թեմատիկ ստուգումները, անհրաժեշտություն էր առաջացել ևս մեկ անգամ ամփոփելու ստուգաթերթերում կատարված փոփոխությունները, զարգացնելու մասնագիտական հմտություններն ու գիտելիքները, հստակեցնելու անելիքներն ու ընդհանրացնելու աշխատանքային սկզբունքներն ու մոտեցումները։

Քննարկման ընթացքում ոլորտի մասնագետները բարձրացրել են իրավիճակային և մեթոդական հարցեր։ Բոլոր հարցերին տրվել են սպառիչ և ընդունելի պատասխաններ։

Փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ

ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի նիստում N 981-Ն որոշմամբ  փոփոխություն է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։

Ըստ որի՝ նոր խմբագրությամբ շարադրվել են բժշկական օգնության և սպասարկման բնագավառում գործող բոլոր ստուգաթերթերը։

Միաժամանակ բժշկական օգնության և սպասարկման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների համար գործող 17 ստուգաթերթերի փոխարեն՝ գործելու է 16 ստուգաթերթ, քանի որ 718-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի՝ N 3.2 ստուգաթերթի հարցերը միավորվել են N 3.7 ստուգաթերթի հարցերին և նոր խմբագրությամբ ներկայացված են N 3.6 ստուգաթերթով:

Փոփոխված՝ նոր համարակալմամբ ստուգաթերթերը հրապարակված են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնական կայքում։

2024 թվականի հունիսի 14-ից ուժի մեջ է մտնելու ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը որպես առողջապահության բնագավառում լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին իրազեկում է՝

2024 թվականի հունիսի 14-ից ուժի մեջ է մտնելու ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը։

Ըստ այդմ,   «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 26-րդ հոդվածի (Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիան) 3-րդ մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ՝

«Դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով»:

Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձինք, որոնց լիցենզիաների տրամադրման օրվանից անցել է հինգ տարի և ավելի ժամանակահատված, ենթակա են նորից լիցենզավորման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հետևյալ ժամկետներում՝

  • Երևան քաղաքում դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` 30 ամսվա ընթացքում,
  • Երևան քաղաքում բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` մեկ տարվա ընթացքում,
  • Երևան քաղաքում բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար, բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` 18 ամսվա ընթացքում,
  • մարզերում բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային, ցերեկային ստացիոնար, բժշկական կազմակերպությունից դուրս պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` 30 ամսվա ընթացքում,
  • մարզերում բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք` երկու տարվա ընթացքում,
  • մարզերում դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզավորված անձինք 42 ամսվա ընթացքում դիմում են ներկայացնում լիազոր մարմին:

Այն լիցենզավորված անձինք, որոնց լիցենզիաների տրամադրման օրվանից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն անցել է հինգ տարուց պակաս ժամանակահատված, հինգ տարին լրանալու դեպքում ենթակա են նորից լիցենզավորման ընդհանուր հիմունքներով:

Օրենքը պաշտոնապես հրապարակվել է 2023 թվական հունիսի 13-ին: