ԱԱՏՄ-ում ընդունել են «Սոլիդարիթի Սենթեր» կազմակերպության ներկայացուցիչներին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանն ընդունել է «Սոլիդարիթի Սենթեր» կազմակերպության գործադիր տնօրեն Շանա Բլադեր-Բլոուին, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի  տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ռուդի Փորթերին և ծրագրի հայաստանյան պատասխանատուներին։

Հանդիպմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալները և աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի պատասխանատուները։

Սլավիկ Սարգսյանը ողջունել է գործընկերներին, շնորհակալություն է հայտնել այցի համար՝ նշելով, որ Տեսչական մարմինը բաց է համագործակցության համար։

«Սոլիդարիթի Սենթեր» կազմակերպության և Տեսչական մարմնի համագործակցության առանցքում աշխատանքային օրենսդրության պահպանումն ու աշխատողների առողջության և անվտանգության ապահովումն է։

Բանախոսները կարևորելով աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտը համոզմունք են հայտնել, որ աշխատանքային իրավունքների պաշտպանության լավագույն միջոցներից մեկը Արհմիությունների զարգացումն ու ուժեղացումն է։

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության, առաջիկա անելիքների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հայտնաբերվել է առաջին դասի թերություն. դեղերի նշված սերիաների շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին կարգադրագիր է տրվել


Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերի, կեղծ դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի մասին ահազանգի ծանուցման, շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) կարգը սահմանելու մասին» թիվ 164-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ և 13-րդ կետերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը,

ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2023 թվականի ապրիլի 05-ին ստացված փորձագիտական եզրակացությունները, համաձայն որոնց՝

«Ռինգեր (նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ)), 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ, կաթիլաներարկման լուծույթ պլաստիկե փաթեթ 250 մլ» դեղի՝ 23.032.02C սերիայի, «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ պլաստիկե փաթեթ 200 մլ» դեղի՝ 22.341.09A, 22.341.09B, 22.341.09C, 22.341.08A, 22.341.08B, 22.325.04A, 22.325.04B, 22.325.04C, 22.325.04D, 22.325.03B, 22.325.03C, 22.325.03D, 22.325.01C, 23.030.01C, 22.341.10A սերիաների, և

«Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ պլաստիկե փաթեթ 500 մլ» դեղի՝
23.030.05A, 23.030.04B, 23.020.02B, 23.020.05A, 23.020.01A, 23.020.01B, 23.020.04A, 23.020.04B սերիաների նմուշներում հայտնաբերվել է առաջին դասի թերություն՝ ներարկման համար նախատեսված ստերիլ դեղի աղտոտում, դեղերն արտադրող «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը տրվել է կարգադրագիր՝ վերոնշյալ դեղերի նշված սերիաների շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Հարգելի’ քաղաքացիներ, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից՝ մինչև լրացուցիչ փորձաքննության արդյունքների ավարտը։

«Արտոնությունների ընդհանրացված համակարգ» ծրագրի շրջանակում՝ հանդիպում Տեսչական մարմնում


Ապրիլի 5-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի Եվրոպայի և Միջին Արևելքի գրասենյակի (USTR) տնօրեն Ջեյսոն Բանթինին, Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) հարցերով փոխտեղակալ Լորա Բուֆոնին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Էրիկ Մարկովսին, քաղաքական և ծրագրային հարցերով  օգնական Լիլիթ Անտոնյանին։

Հանդիպմանը մասնակցել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, Որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը, աշխատանքային օրենսդրության վերահսկողության պատասխանատուներ։

Քննարկման թեման՝ «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) ծրագրի շրջանակում ՀՀ-ում աշխատողների իրավունքներին առնչվող ծրագրային նախապայմաններն ու դրանց պահպանումն էր։

ԱԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը հյուրերին ներկայացրել է 2022 թվականի ընթացքում Տեսչական մարմնի իրականացրած պետական վերահսկողության ամփոփ տվյալները։ Արձանագրվել է, որ անցած տարվա ընթացքում իրականացված վերահսկողության 60%-ից ավելին կատարվել է աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում։

Քննարկման ընթացքում բանախոսները մտքեր են փոխանակել տեսչական ստուգումների կազմակերպման, Տեսչական մարմնի լիազորությունների և գործիքակազմերի ընդլայնման հնարավորությունների, ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործման, աշխատողների իրավունքների պաշտպանության, նրանց ներկայացուցիչների և արհեստակցական միությունների հետ համագործակցության վերաբերյալ։