Տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այց է կատարել Բավրայի ՍԲՀԿ և Գյումրու բաժին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այց է կատարել Տեսչական մարմնի` Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ և Գյումրու բաժին։

Տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է աշխատակազմի հետ, քննարկվել են աշխատանքների կանոնակարգման հետ կապված հարցեր, արծարծվել են ընթացիկ այլ թեմաներ։




  

Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստին


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և նույն բաժնի գլխավոր տեսուչ Ստեփան Շահումյանը մասնակցել են Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի արտագնա նիստին։

Միջոցառման ժամանակ Տեսչական մարմնի աշխատակիցները ներկայացրել են 2020-2022թ․թ․ ազգային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, ինչպես նաև  մասնակցել են 2023-2025 թթ գործունեության ազգային ծրագրի նախագծի քննարկման աշխատանքներին։

Յուրաքանչյուր տարի հունիսի 12-ը նշվում է որպես Երեխաների ծանր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օր:

Նշենք, որ  Տեսչական մարմինը գործողությունների Ազգային ծրագրի շրջանակներում իրականացնում է թրաֆիքինգի՝ աշխատանքային շահագործման, աշխատող երեխաների՝ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման մասին իրազեկման և աշխատանքի վատթարագույն ձևերում երեխաների ներգրավման կանխարգելման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ։

Տեսչական մարմինը տնտեսավարողներին իրազեկել է աշխատողների պարբերական բժշկական զննության կարգը պահպանելու վերաբերյալ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, սահմանված կարգով, տնտեսավարողներին իրազեկել է աշխատողների պարբերական բժշկական զննության կարգը պահպանելու վերաբերյալ։ Վերապահված  լիազորությունների շրջանակներում՝ հնարավոր խախտումները կանխելու՝  հանրային շահերի պաշտպանության ապահովման նպատակով, Տեսչական մարմինը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն աշխատողները, ովքեր աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոնների, պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում՝ պարբերաբար, անցնել բժշկական զննություն՝ գործատուի հաստատած ժամանակացույցին համապատասխան։

Նախնական և պարբերական բժշկական զննություն չանցած, ինչպես նաև բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելու պատասխանատվությունը  կրում է կազմակերպության տնօրինությունը։

Հիշեցնենք, որ արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, բժշկական զննության ծավալի և բժշկական հակացուցումների ցանկը հաստատված է  ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի թիվ 1089-Ն որոշմամբ։

Տեսչական մարմինը զգուշացնում է՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն՝ պարտադիր նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելու, ինչպես նաև պարտադիր պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն։