«Շիրակ» օդանավակայանի ՍԲՀԿ-ն, երկամսյա դադարից հետո, վերսկսել է աշխատանքը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը, երկամսյա դադարից հետո, վերսկսել է աշխատանքը՝ Գյումրիի օդանավակայանի վերագործարկման և կանոնավոր չվերթների իրականացմանը զուգահեռ։

Մասնավորապես, ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ), ստուգվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի առկայությունը և/կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված՝ երկու դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատի առկայությունը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտինը երկարաձգվել է մինչև 2021թ. դեկտեմբերի 20-ը։

3002 ստուգայց, 223 խախտում, 7 տուգանք՝ 1 շաբաթում․ Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները շարունակում են ուժեղացված ստուգայցերը հանրապետության ամբողջ տարածքում։

Անցնող շաբաթվա ընթացքում իրականացվել են ընդհանուր 3002 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրվել է 223 խախտում, նշանակվել 7 տուգանք։

Ընդ որում՝ այս շաբաթ ԱԱՏՄ Երևանի, Արևմտյան և Արևելյան տարածքային կենտրոնների տեսուչները համատեղ ուժերով վերահսկողություն են իրականացրել մայրաքաքում։ Արդյունքում Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում, սահմանվել՝ 7 տուգանք։

Հարավային տարածքային կենտրոնի մասնագետներն իրականացրել են 138 ստուգայց, արձանագրել՝ 31 խախտում, իսկ Հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները համապատասխանաբար՝ 34 ստուգաց, 8 խախտում, 7 տուգանք։

Ամենօրյա ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։

 

Հանդիպում-քննարկում՝ «Հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի» (EIDSS) ներդրման աշխատանքները քննարկելու նպատակով

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հանդիպում է կայացել «Հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի» (EIDSS) ներդրման աշխատանքները քննարկելու նպատակով։

Հանդիպմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի, հասարակական անվտանգության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, նույն վարչության գլխավոր տեսուչ Եկատերինա Մելքումյանը, «Black & Veatch» կազմակերպության տարածաշրջանային մենեջեր Ասթեմիր Թաովը, «Black & Veatch»-ի հատուկ նախագծերի կորպորացիայի և «EIDSS & PACS» ընկերության վերլուծաբան Անաստասիա Հերաշչենկոն, ծրագրի հայաստանյան համակարգող Նշան Համբարձումյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի» ներդրման հետ կապված ընթացիկ հարցեր, ինչպես նաև առաջիկայում նախատեսված վերապատրաստման դասընթացների վերաբերյալ մանրամասներ։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։