Երկարացված կարանտինի շրջանում ԱԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը


Կարևորելով Covid-անվտանգության նորմերի պահպանումը՝  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը շարունակում են ստուգայցերը հանրապետության տարածքում։

ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցներն անվտանգության նորմերի պահպանումը դիտարկել են Վանաձոր, Սպիտակ, Արթիկ և Իջևան քաղաքների դպրոցներում, դեղատներում, մանրամեծածախ առևտրի կետերում։

Մասնագիտական ստուգայցը փաստել է, որ դպրոցներում հիմնականում պահպանվում են և Covid-անվտանգության, և ջեռուցման նորմերը։

Դեղատների ստուգայցի արդյունքում ԱԱՏՄ տեսուչները տվել են դիմակ չկրելու և գրանցամատյանների լրացման ձևաչափի խախտումները վերացնելու մեկ հանձնարարական։

Ընդհանուր առմամբ արձանագրված պատկերը բարվոք է եղել։

Շարունակվում են նաև իրազեկման լայնածավալ աշխատանքները ողջ հանրապետությունում․ ՀՀ առողջապահական և  աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի և մարզային տարածքային ստորաբաժանումները դպրոցներում, մանկապարտեզներում, հանրային տրանսպորտում և դեղատներում փակցնում են իրազեկման թերթիկներ։

   

Գերծանրաբեռնված աշխատանք, նաեւ՝ արտառոց զանգեր․ ինչպես է աշխատել ԱԱՏՄ թեժ գիծն անցյալ տարի

ԱԱՏՄ «Թեժ գիծ» ծառայությունը 2020թ. ստացել է ավելի քան 2500 զանգ՝ 2019-ի համեմատ ավելի քան 7 անգամ ավելի։

Նախորդ տարեսկզբին ԱԱՏՄ-ն գործարկել է իր նոր թեժ գիծը՝ 8107-ը։

Զանգերի թիվը կտրուկ աճել  է կորոնովիրուսի առկայությունը Հայաստանում արձանագրելուց հետո՝ արտակարգ դրության հայտարարումից հետո։

Արդեն ապրիլին ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերը գերազանցել են նախորդ ողջ տարվա զանգերի թիվը։ Իսկ մայիսին ապրիլի համեմատ զանգերը գրանցել են ընդհուպ մինչեւ կրկնակի աճ։

Բացի տեսչականի բուն գործառույթներին առնչվող հարցերով հետաքրքրվելուց՝ քաղաքացիների հարցերն ու մտահոգություններն առավելապես վերաբերել են երկիր մուտք գործելու ընթացակարգերին, ինքնամեկուսացմանը, պարետի որոշումներին, սահմանված սանիտարահիգիենիկ կանոններին, ԱԱՏՄ մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումների հիմքով տնտեսավարողների գործունեության կասեցման որոշումներին եւ այլն։

Մայիսին պարետի որոշմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված, ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ։ ԱԱՏՄ-ին լիազորվել է ապահովել սահմանված կանոնների պահպանման վերահսկողությունը։ Ելնելով այս գործառույթներից՝ մայիսին գրանցվել են տարվա ամենամեծաթիվ զանգերը՝ 646:

Սահմանված նորմերի մասին տնտեսավարողների իրազեկման բարձրացմամբ և սահմանափակումների թուլացմամբ պայմանավորված՝ հուլիսին   նկատվել է զանգերի  թվի  նվազում։

Զանգերի մեծ հոսք է գրանցվել ամենատարբեր ոլորտների տնտեսավարողների մոտ covid-անվտանգության կանոնների պահպանման, պաշտպանիչ միջոցներ չկրելու, սոցիալական  հեռավորությունը չպահպանելու եւ այլնի հետ կապված։

Զանգերը նաեւ սեզոնային բնույթ են կրել․ ամռանն ավելացել են աղմուկի, հյուրանոցներում և  հանգստյան տներում անվտանգության կանոնները ոչ պատշաճ պահելու հետ կապված զանգեը։

Տարվա ընթացքում աճի նկատելի միտում են ունեցել աշխատանքային իրավահարաբերություններին առնչվող հարցերը՝ պայմանավորված ԱԱՏՄ նոր լիազորություններով եւ ընթացիկ իրողություններով՝ համավարակ, պատերազմ։ Քաղաքացիները և գործատուները հաճախ են պարզաբանում խնդրել կորոնավիրուսով պայմանավորված բացակա օրերին աշխատավարձի հաշվարկի վերաբերյալ, եղել են հարցեր՝ կապված աշխատանքից անհիմն ազատելու, հղիի աշխատանքային իրավունքների հետ և այլն:

Տարվա երկրորդ կեսին՝ արտակարգ դրությունից կարանտինի անցնելու եւ ռազմական դրության շրջանում, որոշակիորեն փոխվել է զանգերի բնույթը։ Հաճախ են հետաքրքրվել մարտական գործողություններին կամավոր կամ զորակոչով մեկնողների վճարման, բացակայության ձևակերպման հարցերով։  Covid-անվտանգության կանոնների պահպանման մասով բողոքներն աստիճանաբար նվազել են՝ պայմանավորված ինչպես երկրում ստեղծված իրավիճակով, այնպես էլ տնտեսավարողների զգոնության բարձրացմամբ։

Զանգերի մի մեծ խումբ վերաբերել է ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու մասով փոփոխությանը։

Եղել են նաև դժգոհություններ covid-անվտանգության կանոնների գործող որոշ պահանջներից։

Ստացվել են նաեւ արտառոց զանգեր։

 

Ուշադրություն. ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է

Կառավարության 1514-Ն որոշման խմբագրմամբ՝ ՀՀ-ում կարանտինը երկարաձգվում է վեց ամսով՝ սահմանվելով մինչև հուլիսի 11-ը: Սակայն փոփոխվել են կարանտինի շրջանի համար սահմանված որոշ սահմանափակումներ։ Մասնավորապես,

.  ՀՀ ցամաքային անցակետերով ՀՀ քաղաքացիություն չունեցողների մուտքի արգելքը հանվել է՝ պայմանով, որ օդային եւ ցամաքային սահմանային անցման կետերով

-ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ

-սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։ Նախկինում այս պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում:

.  Հանվել են հանրային միջոցառումների իրականացման սահմանափակումները, այդ թվում՝ հանրային միջոցառումների մասնակիցների թվի սահմանափակումը։ Նախկինում միջացառման մասնակիցների թույլատրելի թիվը 60 էր։

Հանվել են նաև փակ տարածքներում միջոցառումների կազմակերպման սահմանափակումները․ նախկինում թույլատրվում էին միայն որոշ միջոցառումներ։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) սահմանին ՀՀ մուտք գործող անձանց հանդեպ անհապաղ կատարում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացում)՝ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով, ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը, սերտիֆիկատ չունեցող անձանց տեղեկացվում է օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում նմուշառման մասին: Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:

Սահմանված սերտիֆիկատ չունեցող և ՊՇՌ հետազոտության համար նմուշառման փաստը հաստատող փաստաթուղթ ներկայացրած անձանց Տեսչական մարմնի կողմից տրվում է պարտադիր ինքնամեկուսացման հրահանգ՝ մինչև թեստի պատասխանի ստացումը, ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, և այդ մասին տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման, որից հետո Ոստիկանության աշխատակիցը թույլատրում է ժամանած անձի ելքը օդանավակայանից։

ՀՀ կառավարության 2020 թ․ սեպտեմբերի 11-ի N 1514-ն որոշման մանրամասները՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149058