ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկումները

Covid-անվտանգության կանոնների վերահսկողական և իրազեկման աշխատանքները այսօր իրականացվել են Վանաձորի և Լոռու մարզերի դպրոցներում, բանկերում, առևտրի կենտրոններում, «Հայփոստի» բաժանմունքում։

ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները տնտեսավարողների մոտ դիտարկել են ախտահանիչ նյութերի առկայությունը, դրանց պարունակությունն ու մակնշումը։ Ստուգվել է տարածքների ախտահանման գործընթացը, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման ճիշտ ձևաչափի պահպանումը։

Ստուգայցի ժամանակ որոշակի թերություններ են նկատվել դպրոցներում գրանցամատյանների վարման կարգում, մասնավորապես, ջերմաչափման գրանցամատյանները լրացվել են սահմանված ձևաչափին ոչ համապատասխան։

Հիշեցնենք, որ ըստ նոր ձևաչափի՝ հաստատություն մտնելիս և օրվա ընթացքում կազմակերպվում է ուսանողների և անձնակազմի ջերմաչափումը, 37 և բարձր ջերմություն արձանագրվելու դեպքում արդյունքները գրանցվում են «Ուսանողների ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում» և «Անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման մատյանում»։

Ընդհանուր առմամբ մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ և զգուշավոր են դարձել հակահամաճարակային կանոնների պահմանման հարցում։

ԱԱՏՄ-ն մեկ անգամ ևս հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխելու անվտանգության նորմերը, այլապես վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։

 

 

 

 

ԱԱՏՄ ստուգայցը՝ Մատենադարանում, թանգարաններում և կինոթատրոններում

Covid-անվտանգության կանոնների վերահսկողական և իրազեկման միջոցառումները շարունակվում են մայրաքաղաքի մշակութային հաստատություններում:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը Մատենադարանում, Երևանի թանգարաններում ու կինոթատրոններում որոշակի խախտումներ է արձանագրել:

Մասնավորապես՝ օգտագործված թափոնների համար նախատեսված ոտնակով փակվող աղբամանները բավարար քանակով չեն եղել, ախտահանիչները չեն ունեցել մակնշում, որոշ հաստատությունների սանհանգույցներում եղել են պտուտակավոր ծորակներ, որոնք չեն համապատասխանում համաճարակային պայմաններում սահմանված նորմերին, եղել են նաև գրանցամատյանների ու իրազեկման թերթիկների հետ կապված թերություններ:

ԱԱՏՄ համաճարակաբանները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են կառույցների պատասխանատուներին խստորեն հետևել սահմանված հակահամաճարակային նորմերին:

❗ Կինոթատրոնների և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ. օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով սահմանված են առանձին կանոններ, մասնավորապես.

• Մշակութային կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել ՝

✅ դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված ախտահանիչ միջոցների առկայությունը,

✅ ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով,

✅ թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, ոտնակային փակվող կափարիչով աղբամաններով,

✅ հեռահար ջերմաչափով,

✅ մուտքի մոտ, հանդերձարաններում, խոհանոցային հատվածում, առանձին սրահներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց ալկոհոլի հիմքով,

✅ ամեն օր առնվազն 2 անգամ՝ մինչ աշխատանքի սկիզբը և ընդմիջումից հետո մակերեսները, ընդհանուր օգտագործման գործիքները, պարագաները, մասնագիտական գույքը, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսները ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ ախտահանիչ միջոցով,

✅ ապահովվել պատշաճ բնական օդափոխություն օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:

• Թատերահամերգային միջոցառումները, կինոցուցադրությունները, մշակութային միջոցառումները և այլ ներկայացումները կազմակերպվում են բացօթյա կամ բնական կամ ներհոս-արտաձիգ օդափոխության համակարգով ապահովված տարածքներում.

☑ միջոցառման վայրի մուտքի մոտ իրականացվում է հանդիսատեսի ջերմաչափում՝ հեռավար ջերմաչափով,

☑ ապահովվում է 1-ական մուտք և 1-ական հսկիչ՝ յուրաքանչյուր 30 հանդիսատեսի համար,

☑ միջոցառման ժամանակ ապահովվում է բեմահարթակից մինչև հանդիսատես առնվազն 6 մետր հեռավորություն,

☑ փոքր դահլիճների դեպքում՝ առնվազն 2 մետր հեռավորություն,

☑ ապահովվում է հանդիսատեսների միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն, անհնարինության դեպքում՝ նստեցումն իրականացվում է հորիզոնական 2 դատարկ նստատեղ, ուղղահայաց 1 դատարկ նստատեղ ձևաչափով,

☑ բացառություն են մանկահասակ հանդիսականների համար միջոցառումները. մինչև 12 տարեկան երեխաների նստեցումը կարող է կազմակերպվել ընտանիքի չափահաս անդամի հետ, առանց սոցիալական հեռավորության պահպանման,

☑ միջոցառման ամբողջ ընթացքում դիմակի կրումը պարտադիր է,

☑ կորոնավիրուսային հիվանդության բնորոշ ախտանշաններով անձանց չի թույլատրվում մուտք գործել միջոցառման համար նախատեսված տարածք:

 

 

ՀՀ ԱԱՏՄ արհեստակցական միությունը տարվա ընթացքում մի շարք նախաձեռնություններ է ցուցաբերել

ՀՀ ԱԱՏՄ արհեստակցական միությունը տարվա ընթացքում մի շարք նախաձեռնություններ է ցուցաբերել։ Դրանցից մի քանիսն էլ քննարկվել են արհմիության այսօրվա նիստում։

Օրակարգում եղել են պատերազմական գործողություններին անմիջականորեն մասնակցած կամ դրան մասնակից ընտանիքի անդամներ ունեցող ԱԱՏՄ աշխատողներին ուղղված, ինչպես նաեւ Ամանորին ընդառաջ իրականացվելիք ծրագրեր։

Տեսչականի արհմիության նախագահ Մարիետա Հախվերդյանի գլխավորությամբ՝ քննարկվել են կազմակերպչական հարցեր, ֆինանսական հատկացումների ու ծախսերի հիմնավորումներ են ներկայացվել։

Նախաձեռնություններն ու ծախսերը հաստատվել են միաձայն: