Ուշ երեկոյան ստուգայցեր` մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող կազմակերպություններում

 

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի խմբերը դիտարկում են աշխատանքային օրվա ավարտին կատարվող ախտահանման աշխատանքները` նախատեսված սանիտարական նորմերով։

<Երեւանի Մուատ> ՓԲԸ-ում նախորդիվ արձանագրվել էին խախտումներ, որոնց հիմքով կազմվել էր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նշանակվել էր վարչական տույժ` նախազգուշացում։ Երեկոյան անակնկալ ստուգայցի ընթացքում արդեն խախտումները վերացված են եղել։

ԱԱՏՄ-ն զգուշացնում է` խիստ մոտեցում է ցուցաբերվում ուղեւորափոխադրող բոլոր կազմակերպությունների նկատմամբ. Covid-անվտանգության կանոնների խախտման դեպքում կիրականացվի վարչարարություն։

Վարչական վարույթներ՝ Կոտայքի և Գեղարքունիքի ջրամատակարարման համակարգի անվտանգությունը ստուգելու նկատառմամբ

Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված վերահսկողական աշխատանքները ջրամատակարարման համակարգի անվտանգության նկատմամբ։

Դրանց շրջանակում մի շարք վարչական վարույթներ են հարուցվել Կոտայքի և Գեղարքունիքի ջրամատակարարման համակարգի անվտանգությունը ստուգելու նկատառմամբ։

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի խմելու ջրի որակի, ինչպես նաև ջրառների, օրվա կարգավորիչ ջրամբարների անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ ԱԱՏՄ արեւելյան տարածքային կենտրոնն իր ստուգայցերի ընթացքում իրականացրել է հերթական զննումները Մեղրաձոր համայնքի Մեղրաձոր, Փյունիկ, Ուլաշիկ և Արտավազ գյուղերում։

Ձեռնարկված այս միջոցառումները հաջորդել են նշված մարզերի մարզպետարաններում ԱԱՏՄ նախաձեռնությամբ ջրի անվտանգության հարցերի շուրջ քննարկումներին՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների։

Որպես սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ԱԱՏՄ-ն արձանագրվող շեղումների դեպքում իրավասու է կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար օգտագործվող ջրի օգտագործումը կասեցնելու կարգադրագիր տալ, մինչև շեղումները բացառվեն, եթե որպես այդպիսիք կգրանցվեն։

Ջրի անվտանգության վերահսկողական միջոցառումներն ԱԱՏՄ-ի կողմից խստացվել են ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով՝ ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի հրամանով։

Նախորդիվ՝ ջրի անվտանգության հարցերով խորհրդակցություններ են տարվել Երեւանում եւ հանրապետության այլ մարզերի մարզպետարաններում եւս։ Պատասխանատու օղակների հետ ձեռնարկվել են այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր։

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող մի շարք կազմակերպություններում արձանագրել են տարաբնույթ խախտումներ

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում է covid-անվտանգության կանոնների պահպանումը՝ սկսած հանրային տրանսպորտի դիսպետչերական կետերից։

☑️Դիտարկվում է երթուղի դուրս եկող հանրային տրանսպորտում ախտահանիչ միջոցների առկայությունը, covid-անվտանգության կանոնների պահպանումը, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկի առկայությունը, նախաուղերթային եւ եզրափակիչ ախտահանումն ու ախտահանման աշխատանքների գրանցումը համապատասխան ձեւաչափի գրանցամատյանում եւ այլն։

☑️ Միաժամանակ դիտարկվում է նաեւ հանրային տրանսպորտի վարորդների՝ բուժզննության ենթարկված լինելը․ ամեն առավոտ՝ մինչ երթուղի դուրս գալը, վարորդները պետք է անցնեն արտաքին բուժզննություն, ջերմաչափում, ինչի արդյունքները պետք է լրացված լինեն համապատասխան գրանցամատյաններում եւ երթուղային ուղեգրերում։

☑️ Այսօր վաղ առավոտյան ստուգայցերն ընթացել են Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երեւան-ավտոբուս» ՓԲ ընկերությունում, որը սպասարկում է երթուղային մի քանի գիծ։

☑️ Վերջին օրերի ստուգայցերն արձանագրել են մի շարք խախտումներ, այն է՝ ուղեւորափոխադրող որոշ կազմակերպություններ տրանսպորտային միջոցներին չեն տրամադրում ախտահանիչ նյութեր, վարորդներին չեն ապահովում դիմակներով, չեն կատարում ախտահանումների վերաբերյալ նշումներ գրանցամատյաններում։
Ջերմաչափման մատյաններում եւս կան թերություններ։

Արձանագրված խախտումների հիմքով հարուցվել են վարչական վարույթներ։ Տրվել է նախազգուշացում՝ անհապաղ վերացնելու արձանագրված խնդիրները։ Կնշանակվեն տուգանքներ։

Ստուգայցերը շարունակվում են։ Դրանցում փոխօգնության կարգով ընդգրկված են նաեւ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինի մասնագիտական խմբերը։