ԱԱՏՄ-ստուգայցերը՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքում

ԱԱՏՄ-ստուգայցերը՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքում․ նկատվում է տնտեսավարողների մոտ դիմակներն ավելի շատ եւ ճիշտ կրելու միտում

ՀՀ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնը կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու անվտանգության կանոնների պահպանումն այսօր դիտարկել է շուրջ 3 տասնյակ տնտեսավարողի մոտ, այդ թվում՝ դեղատներ, հեռահաղորդակցման սպասարկման կետեր, գեղեցկության սրահներ և վարսավիրանոցներ:

Մասնագիտական խմբերի դիտարկմամբ՝ առավել հաճախ հանդիպող թերությունները վերաբերում են ժամը 10:00-12:00 միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու վերաբերյալ առողջապահության նախարարի 17-ն որոշման կետի խախտմանը և համաճարակի տարածման կանխարգելման պատասխանատու աշխատակից չունենալուն:

Տաշիրում կարևոր առաջընթաց է նկատվում՝ տնտեսավարող սուբյեկտների աշխատակիցների կողմից դիմակները բարեխղճորեն եւ ճիշտ կրելու առումով։ Դրան նպաստել են նաեւ տեսչական մշտական ստուգայցերն ու զգուշացումները։

ԱԱՏՄ-ն հերթական անգամ իրազեկում է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու և հաճախորդների սպասարկման կանոնները ճիշտ կազմակերպելու համար սահմանված են հատուկ կանոններ, որոնց պահպանումը պարտադիր է, այլապես սահմանված են պատասխանատվության միջոցներ՝ տուգանքի տեսքով։

 

Աշխատանքային հանդիպում՝ կրկին Կաթնառատի խմելու ջրի անվտանգության հարցով

 

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնում աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են Լոռու մարզի Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայրին մատակարարվող ջրի որակին առնչվող հարցեր։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ջրի որակական որոշ շեղումների պատճառով աղիքային վարակի դեպքեր էին արձանագրվել։

Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ԱԱՏՄ հյուսիսային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանը, Տաշիրի համայնքապետարանի հողօգտագործման, քաղաքաշինության, գյուղատնտեսության և ճարտարապետության բաժնի պետ, գլխավոր ճարտարապետ Սլավիկ Անախասյանը և «Վանաձորի կանխարգելիչ ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Զորիկ Չիլինգարյանը։

Հանգամանորեն անդրադարձ է կատարվել Կաթնառատի խմելու ջրի ջրամատակարարման համակարգում հայտնաբերված խախտումների վերացման, բնակչությանն անվտանգ ջրով ապահովելու գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնելու, օրվա կարգավորիչ ջրավազանի (ՕԿՋ) քլորացման հարցերին։

Կաթնառատ բնակավայրի ջրամատակարարումը շարունակում է ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կարգադրագրի համաձայն մնալ անջատված, քանի դեռ ջրի որակին ներկայացվող պահանջների խախտումներն ամբողջապես չեն վերացվել։

 

Ստուգայցեր՝ Կապանում, Սիսիանում, Գորիսում

 

Ստուգայցեր՝ Կապանում, Սիսիանում, Գորիսում․ Սյունիքում ԱԱՏՄ տեսչական ստուգայցերը վերջին շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնների առանձնակի խախտումներ չեն արձանագրում։

Տնտեսավարողների մոտ արձանագրվող խախտումներն առավելապես ենթակա են տեղում շտկման, ինչի հրահանգը եւ տրվում է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների կողմից։ Առավել մտահոգիչ է անհատ քաղաքացիների կողմից անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակներ չկրելը։