Կայացել է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների ներգրավմամբ ԱԱՏՄ ղեկավարին կից ստեղծված խորհրդակցական խմբի հեռավար նիստը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ կայացել է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների ներգրավմամբ ԱԱՏՄ ղեկավարին կից ստեղծված խորհրդակցական խմբի հեռավար նիստը։

Օրակարգի հիմնական թեման առնչվում էր դեղերի վերահսկողության հիմնական ռիսկերին, դեղերի ոլորտում ԱԱՏՄ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների մեկնարկին։

Հակոբ Ավագյանը, կարևորելով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, շեշտել է, որ խումբը ձևավորվել է` նպատակ ունենալով բարձրացնել տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը։

Ոլորտի փորձառու և առաջադեմ մասնագետների ներգրավմամբ նպատակադրվել է խորհրդակցել դեղերի բնագավառին առնչվող խնդիրների շուրջ ու վերահսկողական աշխատանքների արդյունավետությունն առավելագույնս բարձրացնել։

Խորհրդակցական խմբի անդամները բարձրացրել են այս առումով իրենց մտահոգող մի շարք խնդիրներ, կապված, մասնավորապես, Հայաստանում ապօրինի, չգրանցված դեղերի առկայության, դեղատոմսերով դեղերի բացթողնման հետ եւ այլն։

Ի պատասխան հարցադրումների՝ Ավագյանը տեղեկացրել է, որ չգրանցված դեղերի բացահայտման ուղղությամբ վերջին շրջանում օպերատիվ մի շարք քայլեր են ձեռնարկվել։ «Ավելին, վերահսկողական գործիքներն են ուժեղացվում։ Կա ռիսկերի մեթոդաբանություն, որի հիմքով արդեն ԱԱՏՄ տարեկան ստուգումների ծրագիրն է մեկնարկել։ Դրանում առավել ռիսկային գնահատված տնտեսավարողների թվում մեծաթիվ են դեղերի ոլորտում գործողները։ Անօրինական դեղերի հայտնաբերման օպերատիվ հնարավորությունն ենք ուզում մեծացնել։ Վերահսկողական գործիքներից մեկն էլ Tax stump համակարգն է, որը ներդրման փուլում է»,- շեշտել է ԱԱՏՄ ղեկավարը։

Երկուստեք բարձր է գնահատվել գործակցության այս ձեւաչափը։ Դեղագործության խորհրդակցական խմբի ներկայացուցիչներըւ շեշտել են իրենց պատրաստակամությունը՝ մասնագիտական փորձի ներդրմամբ նպաստել դեղերի դաշտում վերահսկողության բարելավմանը եւ առկա խնդիրների լուծմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ գրավոր առաջարկներ ներկայացնել եւ շարունակել համատեղ աշխատանքը։

Տարեկան ստուգումները սկսված են, ռիսկայինների ցանկում մեծաթիվ են դեղերի ոլորտի տնտեսավարողները․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տարեկան ծրագրով նախատեսված ստուգումները սկսվել են, մասնավորապես, դեղերի ոլորտում գործող տասնյակ տնտեսավարողների մոտ։ Այս մասին դեղագործության ոլորտի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծված խորհրդակցական խմբի աշխատանքային առաջին նիստի ընթացքում հայտնել է ՀՀ առողջապահականն եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

Ստուգումների տարեկան ծրագրում առավել ռիսկային գնահատված տնտեսավարողների թվում մեծաթիվ են դեղերի ոլորտում գործողները։

Ծրագրի իրականացումը սահուն եւ կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու նպատակադրմամբ՝ դրա մեկնարկից առաջ հանգամանորեն մշակվել եւ կառավարության կողմից հաստատվել են տնտեսավարողների ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը եւ ստուգումների ստուգաթերթերը։

Ստուգաթերթերում հստակ սահմանված են այն հարցերն ու չափորոշիչները, որոնց հիմքով եւ պետք է ստուգումն իրականացվի։

«Չգրանցված դեղերի բացահայտման ուղղությամբ վերջին շրջանում օպերատիվ մի շարք քայլեր են ձեռնարկվել։ Ավելին, վերահսկողական գործիքներն են ուժեղացվում։ Անօրինական դեղերի հայտնաբերման օպերատիվ հնարավորությունը եւս նպատակ ունենք մեծացնել։ Վերահսկողական գործիքներից մեկն էլ Tax stump համակարգն է, որի ներդրումն ընթացքի մեջ է»,-ընդգծել է Ավագյանը։

Տեսչական մարմնի տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների մեկնարկը որոշակիորեն հետաձգվել էր՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։

Կրկին խախտումներ՝ Ծաղկաձորի հյուրանոցներում

ԱԱՏՄ ուշադրության կենտրոնում է անվտանգության կանոնների պահպանումը հանգստյան տներում: Հաշվի առնելով ներքին զբոսաշրջության ակտիվությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ևս շարունակել է լայնածավալ ստուգայցերը մայրաքաղաքի և մարզերի հյուրանոցներում ու հանգստյան տներում։

Տեսչական դիտարկումները լուրջ խախտումներ են արձանագրել Ծաղկաձորի մի շարք հյուրանոցներում. նախորդիվ ևս այս քաղաքում արձանագրվել էին տարատեսակ թերություններ, որոնց հիմքով և պարետի կողմից 24-ժամյա կասեցման որոշումներ էին կայացվել։ Այսօր արձանագրված խախտումները ևս կներկայացվեն պարետին։

Հանրապետության մի շարք քաղաքներում զուգահեռ տարվող դիտարկումներն առանձնակի խախտումներ չեն արձանագրել այլ հանգստյան տներում։ Հիմնական թերությունները եղել են տեղում շտկման ենթակա, ինչի վերաբերյալ և տնտեսավարողներին տրվել է խորհրդատվություն և դրանք վերացնելու ցուցում։

ԱԱՏՄ մասնագետներն այսօր դիտարկումներ են անցկացրել նաև Երևանում գործող մի շարք խոշոր հյուրանոցներում։

Ստուգայցերի ընթացքում դիտարկվում է համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանված անվտանգության կանոնների պահպանումը։ Տվյալ դեպքում ուշադրության են առնվում հյուրանոցային համալիրների ողջ տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանումը, սահմանված կանոնների կիրառման համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը, ինչպես նաև ախտահանման, աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների վարման գործընթացը։

Դիտարկվում է այցելուների շրջանում անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ իրազեկման ընթացքը, ներառյալ՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցված լինելը։

Տեսչական մարմինը հորդորում է խստագույնս կատարել անվտանգության բոլոր կանոնները, որոնց համակցված պահպանման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել համավարակի տարածման կասեցումը։