Համավարակի դեմ պայքար, հետաձգված աշխատանքների նոր ժամկետեր, վերապատրաստումներ․ կայացել է RALI-ի նիստը՝  հեռավար

ԱԱՏՄ ղեկավարի մասնակցությամբ կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի հեռավար նիստը․ համավարակի պատճառով Նուր-Սուլթանում կայանալիք հանդիպումն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով։

Քննարկման առարկա են դարձել դաշինքի 2020 թ․ գործողությունների ծրագրին առնչվող աշխատանքային հարցեր, դաշինքի մասնակից երկրներում համավարակի դեմ ձեռնարկվող քայլերն ու ուղղությունները։

Տեսակապի ընթացքում զեկույցով հանդես են եկել Ղազախստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Տաջիկստանի աշխատանքային տեսչությունների ղեկավարները։ Մասնակցել է նաև աշխատանքի պաշտպանության հարցերով ԱՄԿ գլխավոր մասնագետ Վալենտին Մոկանուն։

ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանն իր զեկույցում, մասնավորապես, ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ձեռնարկված հիմնական քայլերը։ Ի սկզբանե, Հայաստանում պարետի որոշումներով հաստատվել են անվտանգության կանոններ՝ կանխելու վարակը տնտեսության բոլոր ոլորտներում, պետական, առողջապահական հաստատություններում և հասարակական կյանքի այլ ոլորտներում: Սահմանված կանոնները համահունչ են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Աշխատանքի միջազգային կազմակերպության ցուցումներին և առաջարկություններին:

Մարտից սկսած՝ ԱԱՏՄ-ն ավելի քան 14 հազար ստուգայց է իրականացրել, որոնց արդյունքում ժամանակավոր կասեցվել է շուրջ 2600 կազմակերպության աշխատանքը։

Ավագյանը շեշտել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ՝ աշխատանքային իրավունքի պաշտպանության նոր մեխանիզմներ կյանքի կոչելու նպատակով:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Դաշինքի 2020 թ․ գործողությունների ծրագրով նախատեսված, այդ թվում և համավարակի պատճառով հետաձգված աշխատանքների վերաբերյալ։

Ի թիվս օրակարգի այլ հարցերի՝ քննարկման առարկա է դարձել նաև աշխատանքի տեսչությունների մասնագետների վերապատրաստման հարցը։

Ջերմուկում ԱԱՏՄ-ն կասեցրել է 4 հանգստյան տան գործունեությունը

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի կողմից Ջերմուկ քաղաքում 24 ժամով կասեցված 4 հյուրանոցային կազմակերպությունների խախտումներն առավելապես վերաբերում են ախտահանման եւ ջերմաչափման գործընթացներին, դրանց համար սահմանված գրանցամատյանների ոչ պատշաճ լրացմանը։

Տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ ստուգայցերը։ Խախտումների նվազմանը զուգահեռ` մշտադիտարկումները նույն խստությամբ են իրականացվում։

Համավարակի կանխման նպատակով պարետի սահմանած նորմերը ենթակա են խստորեն պահպանման։

    

Այսօր ԱԱՏՄ-ն շարունակել է խախտումների հիմքով կասեցումներն առավելապես մարզերում։ ԱԱՏՄ արեւելյան տարածքայինի կողմից սրանք ընթացել են Գորիսում, Սիսիանում եւ Ջերմուկում

Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ԱԱՏՄ դիտարկումները շարունակական են։

Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելը պահանջում է հետևողական աշխատանք և հանրության շրջանում իրազեկման բարձրացում, ինչին և միտված են ԱԱՏՄ ամենօրյա աշխատանքները։

ԱԱՏՄ մասնագետներն արձանագրում են, որ տնտեսավարողների մոտ եթե անգամ առկա է գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով, սակայն քաղաքացիների վարվելականոններն են խնդրահարույց․ չեն հետեւում կանոններին եւ բարյացկամ չեն՝ հետևելու տնտեսավարողների կոչերին։

Կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից եւ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ գործունեության 48 և 72-ժամյա կասեցումներ։