16 երկրներից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան կարգելվի

Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակից՝ որոշվել է 16 երկրներից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելել։ Այս մասին գրել է Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշել եմ արգելել 16 երկրներից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կառանտինային ռեժիմի:

Երկրների ցանկն է.

  1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
  2. Իրանի Իսլամական Հանրապետություն
  3. Հարավային Կորեա
  4. Ճապոնիա
  5. Իտալիա
  6. Իսպանիա
  7. Ֆրանսիա
  8. Գերմանիա
  9. Շվեյցարիա
  10. Դանիա
  11. Ավստրիա
  12. Բելգիա
  13. Նորվեգիա
  14. Շվեդիա
  15. Նիդերլանդներ
  16. Միացյալ Թագավորություն

Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան, եթե վերջիններիս մոտ վարակի ախտանշաններ չեն հայտնաբերվել։

Բացի այդ, օտարերկրյա ուղևորություններից վերադարձող մեր բոլոր քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14-օրյա ժամկետով: Ինքնամեկուսացման ընթացքում հիվանդության ախտանիշներ առաջանալու դեպքում պետք է անհապաղ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»։

https://www.facebook.com

Տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը։

Տիգրան Ավինյանն ասել է.
«Օրակարգում ունենք մի քանի կարևոր հարցեր և, մասնավորապես, առաջինը զուտ գործընթացային խնդիրներին վերաբերող հարցեր են: Ես պետք է խնդրեմ, որ բյուրոկրատական բոլոր ընթացակարգերի վերաբերյալ մենք ունենանք մի փոքր ավելի ճկուն մոտեցում: Ես տեսնում եմ, որ որոշակի խնդիրներ առկա են, ու նույնիսկ արտակարգ դրության ռեժիմում մենք ունենում ենք որոշումների կայացման ֆորմալիզացման հետաձգումներ կան: Պետք է խնդրեմ, որպեսզի մեր իրավաբանները մի փոքր ավելի կոնկրետ ու ճկուն համակարգ առաջարկեն, որով մենք առաջ կշարժվենք, որովհետև ինձ մոտ մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ արտակարգ դրության ռեժիմում մենք ավելի քիչ ճկունություն ունենք, քան մինչ այդ ունեինք: Եվ պետք է խնդրեմ, որ ձեր ուշադրության կենտրոնում պահեք այս հարցը:

Հետագայում նաև կքննարկենք մի քանի կարևոր այլ հարցեր, որոնք վերաբերում են հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներին ՀՀ ամբողջ տարածքում և թե ինչպես իրականացնել վերահսկողությունը դրա նկատմամբ: Մենք երեկ երեկոյան պարոն Սարգսյանի հետ խոսել ենք ու որոշակի պայմանավորվածություն ունենք թե ինչ է պետք անել:

Կարծում եմ՝ բոլոր սահմանափակող միջոցառումները պետք է ուղեկցվեն հստակ մեթոդական ցուցումներով, որպեսզի յուրաքանչյուր իր պարտականությունները կատարող պաշտոնյա իմանա թե ինչ է պետք անել ու ինչ քայլերի հերթականություն ինքը ունի անելու և այդ ամեն ինչը պետք է շատ հստակ լինի:

Քննարկելու ենք միասնական թեժ գծի գործարկման հարցերը: Կրկին ունենանք բոլոր այն պոտենցիալ հարցերը ու պատասխանները, որոնք թեժ գծին կարող են ուղղվել: Եվ այդ հարցերին պետք է հստակ պատասխաններ տրվեն:

Ֆինանսական հարցեր ունենք քննարկելու, հաղորդակցման ուղիներին վերաբերող հարցեր, սահմանափակումների վերաբերյալ՝ նաև ԶԼՄ-ների մասով»:

Այնուհետև Առողջապահության նախարարը ներկայացրել է հանրապետությունում իրավիճակը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ կապված: Ի լրումն պարետատան իրականացրած միջոցառումների նիստի մասնակիցները կարևորել են քաղաքացիական գիտակցության ու զգոնության դերը ու լրացուցիչ անվտանգության միջոցառումները:

Նիստի ընթացքում քննարկվել է պարետի ընդունած որոշումը հանրային միջոցառումների սահմանափակումների մասին։ Կարևորվել է Ոստիկանության դերը հանրային միջոցառումների արգելքի ռեժիմը վերահսկելու գործում: Վերահսկողական միջոցառումների վերաբերյալ տրվել են համապատասխան մեթոդական ցուցումներ: Առանձնացվել է մարզերում ու Երևան քաղաքում տարբեր գերատեսչությունների ներգրավմամբ վերահսկողական գործողությունների կոորդինացման գործում մարզպետերի ու Երևանի քաղաքապետի դերը։

Նիստի մասնակիցները քննարկել են սոցիալ֊տնտեսական անհրաժեշտ միջոցառումները տնտեսությունը ակտիվացնելու ու կորոնավիրուսի ազդեցությունը սոցիալական տարբեր խմբերի վրա մեղմելու համար։

Անդրադարձ է կատարվել նաև մի շարք երկրների հետ հաղորդակցության ու վիզային ռեժիմներին վերաբերող հարցերի։

Ցուցումներ՝ 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերություններին

50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ ցուցում է տվել Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այսօր ցուցում եմ տվել համապատասխան գերատեսչություններին 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ: Մասնավորապես.

  • կազմել սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման ուղեցույց,
  • ներկայացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում աշխատանքը հերթափոխով կազմակերպելու իրավակարգավորումներ։

Բացի այդ, Առողջապահության նախարարությունը կմշակի ու պարետատուն կներկայացնի տրանսպորտային միջոցների ախտահանման վերաբերյալ միասնական ցուցումների փաստաթուղթ»:

https://www.facebook.com