Կորոնավիրուսով վարակված կինը «Զվարթնոց» օդանավակայանում անցել է ջերմաչափում

Կորոնավիրուսով վարակված կինը «Զվարթնոց» օդանավակայանում անցել է ջերմաչափում։ Ի հեճուկս չհիմնավորված տեղեկությունների՝ տվյալ անձն անցել է զննում, ու նրա անվամբ լրացվել է հասցեական քարտ։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանն «Ազատություն» ռադիոկայանի «Հարցազրույց՝ Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման շրջանակում խոսել է այս ու մի շարք այլ կարեւոր հարցերի շուրջ։

  • ✔ Իտալիայից կիրակի սպասվող ինքնաթիռի ժամանմանն ընդառաջ անվտանգության հատուկ միջոցառումներ կձեռնարկվեն։
  • ✔ ՀՀ սահմանը հատողների անվամբ հասցեական քարտերն ինքնանպատակ չեն լրացվում․ պարտադիր է դրանք ճշգրիտ լրացնել։ Որեւէ մեկի մոտ կորոնավիրուսի հաստատման դեպքում սա կոնտակտավոր անձանց արագ հայտնաբերելու նախադրյալներից է։
  • ✔ Վերջին շրջանում դեպի ՀՀ ուղեւորահոսքը կտրուկ նվազել է։ Դիտարկվում են վիճակագրական տվյալները՝ հստակեցնելու մի շարք երկրների հետ օդային փոխադրումներին առնչվող ընթացիկ հարցեր։
  • ✔ Հունվարի 24-ից մինչ օրս ՀՀ սահմանը հատող՝ կորոնավիրուսի տարածման առումով ռիսկային երկրներից ժամանած անձանց համար լրացված 4040 հասցեական քարտերի մեծ մասը բաժին է ընկել ՉԺՀ-ին՝ 34 տոկոս, երկրորդ տեղում Իրանից եկողներին՝ 28 տոկոս, երրորդ տեղում Իտալիայից եկողներին՝ 26 տոկոս։ Ներկայում այդ թվերը կտրուկ նվազել են։
  • ✔ ՀՀ ժամանումների ամենամեծ մասը բաժին է ընկել «Զվարթնոց» օդանավակայանին՝ 59 տոկոս։ 2-րդ տեղում Մեղրիի անցակետն է՝ 23 տոկոս, բայց այս սահմանն արդեն գրեթե ամբողջությամբ փակ է։

Հայաստանի ու Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը ժամանակավորապես կկասեցվի

Հայաստանի ու Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը մարտի 14-ից 10 օրով ժամանակավորապես կկասեցվի, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը:

Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:

Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:

Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»։

Մարտի 15-ին Իտալիայից ժամանաժ բոլոր ուղեւորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր

Մարտի 15-ին Իտալիայից հատուկ չվերթով ժամանող ինքնաթիռն ընդունելու ու դրա ուղևորների սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ անվտանգության հատուկ քայլեր են ձեռնարկվել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետում։

Կանխարգելիչ միջոցառումները սկսվել են դեռ օդանավից։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել հատուկ առանձնացված սանիտարակարանտինային կանգառում։ Ուղեւորների դուրս գալուն պես համապատասխան մասնագետների կողմից ինքնաթիռի սրահում անցկացվել են ախտահանման միջոցառումներ’ վարակի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով։

Անմիջապես բոլոր ժամանողներն անցել են ջերմաչափում, արտաքին զննում։ Լրացվել են հասցեական քարտեր։ Ձեռնարկվել են համապատասխան անվտանգության քայլեր՝ բացառելու օդանավակայանի անձնակազմի վարակվելու հավանականությունը։

Բոլոր ուղեւորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր. նրանք գտնվելու են 14–օրյա կարանտինում։