Իրազեկման սեմինար «Նաիրի» բժշկական կենտրոնում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Մերվազյանը և բաժնի տեսուչները 2025 թվականի ապրիլի 21-ին իրազեկման սեմինար են անցկացրել «Նաիրի» բժշկական կենտրոնի արտահիվանդանոցային բժշկական սպասարկում իրականացնող նեղ մասնագետների հետ։

Իրազեկման սեմինարին մասնակցել են բժշկական կենտրոնի 20-ից ավելի բուժաշխատողներ։

Ներկայացվել են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման», «Լիցենզավորման մասին»  ՀՀ օրենքների դրույթներով և համապատասխան ենթաօրենսդրական, մասնավորապես, նոր ընդունված և ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են սեմինարի մասնակիցների բոլոր հարցերին. Տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից դուրս հարցերն ուղղորդվել է ներկայացնել համապատասխան մարմիններին։

Տեսչական մարմնի ղեկավարը հյուրընկալել է Անդրեյ Սախարովի անվան 69 դպրոցի աշակերտներին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը 2025 թվականի ապրիլի 18-ին Տեսչական մարմնում հյուրընկալել է Երևանի Անդրեյ Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին՝ դպրոցի փոխտնօրեն Գոհար Հարությունյանի ուղեկցությամբ։

Սլավիկ Սարգսյանը ողջունել է դպրոցականներին,  ծանոթացրել  Տեսչական մարմնի գործառույթներին, լիազորությունների շրջանակներին։

Աշակերտները Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտների վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերն ուղղել են Տեսչական մարմնի ղեկավարին։

Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը, Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը աշակերտներին ներկայացրել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով   սահմանված նորմերը, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները, մասնավորապես, անչափահասների աշխատանքային իրավունքներին վերաբերող կարգավորումները։

Տեսչական մարմնի ղեկավարն ընդգծել է ստացած գիտելիքների  կարևորությունը աշակերտների համար և՛ որպես ապագա գործատուներ, և՛ որպես աշխատողներ։

 

Աշխատանքային այց՝ «Արաբկիր» բժշկական համալիր

2025 թվականի ապրիլի 15-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը աշխատանքային այց են կատարել «Արաբկիր» բժշկական համալիր։

Բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանի և բժշկական տնօրեն Նինա Արիկյանցի ուղեկցությամբ Տեսչական մարմնի ղեկավարը շրջայց է կատարել բաժանմունքներով, հանդիպել բուժառուների և նրանց ծնողների հետ, լսել կարծիքներ և առաջարկներ:

Այցի վերջում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել է նաև համալիրի գիտական ղեկավար և կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը: Քննարկվել են ոլորտային, ինչպես նաև Տեսչական մարմնի գործառույթներին առնչվող տարբեր հարցեր։

Տեսչական մարմնի ղեկավարը կարևորել է նմանատիպ այցերը՝ հետադարձ կապի ապահովման համատեքստում։