Դիմակ կրե՞լ, թե ախտահանել ձեռքերը, որն է առավել կարևոր. Աննա Հարությունյան


«Մենք տարբեր տնտեսվարողների մոտ իրականացնում ենք մշտադիտարկումներ, բարձրացնում ենք բոլոր այն հարցերը, որտեղ շտկումների կարիք կա։ Իրականացվում են նաև վարչական վարույթներ, եթե խախտումները խորքային են, որովհետև կան պահանջներ, որոնք պարետի որոշմամբ սահմանված չեն, բայց սանիտարական նորմերով կարգավորվում են»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ  Աննա Հարությունյանը:

Անդրադառնալով համավարակի ընթացքում պարետի որոշմամբ սահմանված առողջապահական նորմերին՝ բանախոսի պնդմամբ, չափազանց կարևոր է դրանց համակցված  պահպանումը, այն է՝ և՛ դիմակի ճիշտ կրումը, և՛ ձեռքերի ճիշտ ախտահանումը, և՛ առհասարակ հիգիենայի պահպանումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կասեցումներ` Եղեգնաձորում եւ Վայքում. Վայոց ձորում խախտումները նվազում են

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնը պարետի որոշման համաձայն` կասեցրել է շուրջ երկու տասնյակ տնտեսավարողի գործունեությունը Եղեգնաձորում եւ Վայքում։

ԱԱՏՄ դիտարկումները փաստում են` Վայոց ձորում խախտումները նվազման միտում ունեն։ Դրանք առավելապես առեւտրի եւ սպասարկման ոլորտում են։

Կասեցումներ են եղել Սյունիքի մարզում նույնպես, կասեցվածների թվում նաեւ` ստոմատոլոգիական կենտրոններ։

 

Հունիսի սկզբի համեմատ՝ ամսվա վերջին կասեցման ներկայացվող տնտեսավարողների թիվը զգալիորեն նվազել է․ ԱԱՏՄ

Ուժեղացված ստուգայցով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն այսօր կրկին Նոր Նորք վարչական շրջանի տարբեր զանգվածներում էին․ անակնկալ դիտարկումների շրջանակը ներառել է ինչպես նախկինում արդեն դիտարկված, այնպես էլ այլ տնտեսավարողների՝ հանրախանութներ, տեխնիկայի վաճառքի կենտրոններ, վարկային կազմակերպության մասնաճյուղ և այլն։

Դիտարկումները փաստում են՝ եթե հունիսի սկզբին ԱԱՏՄ մշտադիտարկումների արդյունքների հիմքով՝ պարետի որոշմամբ կասեցվում էր դիտարկվածների մոտ 60,5 տոկոսը, 2-րդ շաբաթում՝ շուրջ 50 տոկոսը, ապա հիմա՝ մոտ 36 տոկոսը։ Սա փաստում է խախտումների նվազման միտման մասին, ինչը տնտեսավարողների շրջանում իրազեկման և լայնածավալ ստուգայցերի արդյունքն է։

ԱԱՏՄ աշխատանքային խմբերը հանրապետության մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ևս անակնկալ ստուգայցեր, մշտադիտարկումներ են իրականացնում։ Նաև կրկնակի դիտարկումներ են անցկացվում այն տնտեսավարողների մոտ, որոնք օրեր առաջ կասեցվել են խախտումների պատճառով։ Խնդիր է դրված պարզել՝ վերացվե՞լ են արդյոք կասեցման պատճառ դարձած խախտումները։ Եթե ոչ՝ վարչական առավել խիստ միջոցներն անխուսափելի են․ նրանց հանդեպ կայացվում է կասեցման որոշում՝ նվազագույնը 24 ժամով։ Կարգադրվում է հրատապ վերացնել խախտումները։