Կասեցումներ` սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում եւ Ազգային արխիվում

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցերը շարունակում են արձանագրել պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանման թերություններ։

ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով կասեցված ընկերությունների մեջ կան ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ձեռնարկություններ՝ գեղեցկության սրահներ, վարկային կազմակերպությունների մասնաճյուղեր, «Զբաղվածության պետական գործակալություն», «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններ:

Ամենուր խախտումների վիճակագրությունը գրեթե նույնն է՝ կապված ախտահանիչների, ջերմաչափերի, գրանցամատյանների, փակվող աղբամանների հետ:

Մասնավորապես՝ չեն պահպանվում ոտնակով, փակվող աղբարկղերի մասով սահմանված պահանջները, աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանը խախտումներով է վարվում, աշխատակիցները չեն կրում դիմակ, տարածքները չեն ախտահանվում ըստ պատշաճի:

Հիշեցնենք, որ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է այն պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցները մոտենում, տեղեկացնում են որոշման մասին և փակցնում են կասեցման թերթիկը։

Ինչ է ցույց տալիս վերահսկողական աշխատանքի դինամիկան. Աշոտ Հարությունյան

Ինչ է ցույց տալիս վերահսկողական աշխատանքի դինամիկան, որքանով է տեսչականի գերլարված աշխատանքը նպաստում վարակի տարածումը կանխարգելելուն, աշխատողների իրավունքները որքանով խոցելի դարձան համավարակի շրջանում, ու ԱԱՏՄ գործառույթների հրատապ ընդլայնմամբ ինչ է ակնկալվում։ Այս ու այլ հարցերի շուրջ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանի զրույցը «Փաստինֆո»-ի հետ։

ԱԱՏՄ ուժեղացված անակնկալ ստուգայցեր` Մարտունիում եւ Վարդենիսում․ դիտարկված 30 տնտեսավարողից 5-ի կասեցման միջնորդություն կներկայացվի

Մարտունիում եւ Վարդենիսում տնտեսավարողները պարետի սահմանած անվտանգության կանոններն այժմ ավելի բարեխղճորեն են պահպանում․ այս պատկերն է արձանագրվել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա ուժեղացված ստուգայցի արդյունքում։ Գեղարքունիքի մարզի նշված բնակավայրերում նախորդիվ կատարված մշտադիտարկումներն ավելի մեծաթիվ խախտումներ էին գրանցել։

Այսուհանդերձ, այսօրվա ստուգայցն առավելապես ախտահանման աշխատանքներին առնչվող մի շարք խախտումներ է արձանագրել․ դիտարկված շուրջ 30 տնտեսավարողից 5-ի կասեցման միջնորդություն կներկայացվի ՀՀ պարետին։ Դիտարկված տնտեսավարողներին ցուցաբերվել է խորհրդատվություն, տրվել է խախտումները վերացնելու ցուցում։

Առհասարակ, տեսչական մարմնի դիտարկումների ամփոփ պատկերը երկրի ողջ տարածքում խախտումների նվազման դրական դինամիկա է արձանագրում։ Դրա մասին է վկայում նաեւ կասեցման ուղարկվող արձանագրությունների թվի նվազումը։

Դիտարկումներն ընդգրկում են ՀՀ ԱԱՏՄ վերահսկողության լայն ոլորտներ՝ առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ, բժշկական, ստոմատոլոգիական եւ գեղեցկության կենտրոններ եւ այլն։

ԱԱՏՄ-ն հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի սահմանած նորմերը․ չպահպանման դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ։