Կասեցման աշխատանքներին զուգահեռ՝ տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ ստուգայցերը

 

ԱԱՏՄ մասնագիտական խմբերի ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Դիտարկվել է պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը՝ ուշադրություն կենտրոնում պահելով այն տնտեսավարողներին, որոնց մասին ահազանգեր են ստացվում:

Կրկնակի այցեր են եղել նաեւ նախորդ ստուգայցերի ընթացքում արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ։

ԱԱՏՄ ստուգայցերն անակնկալ են, ամեն օր եւ ողջ երկրում։ Տեսչական մարմնի ներկայացուցիչների այցելած տնտեսավարողների մոտ դեռ շարունակում են արձանագրվել խախտումներ՝ կապված ախտահանիչ նյութերի, դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամանների, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների հետ:

ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին` խստագույնս պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը. քանի դեռ կորոնավիրուսը նահանջի հեռանկար չի ցուցաբերում, ԱԱՏՄ-ն շարունակելու է ուժեղացված հսկողությունը:

 

Համավարակի դեմ պայքար, հետաձգված աշխատանքների նոր ժամկետեր, վերապատրաստումներ․ կայացել է RALI-ի նիստը՝  հեռավար

ԱԱՏՄ ղեկավարի մասնակցությամբ կայացել է ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի հեռավար նիստը․ համավարակի պատճառով Նուր-Սուլթանում կայանալիք հանդիպումն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով։

Քննարկման առարկա են դարձել դաշինքի 2020 թ․ գործողությունների ծրագրին առնչվող աշխատանքային հարցեր, դաշինքի մասնակից երկրներում համավարակի դեմ ձեռնարկվող քայլերն ու ուղղությունները։

Տեսակապի ընթացքում զեկույցով հանդես են եկել Ղազախստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Տաջիկստանի աշխատանքային տեսչությունների ղեկավարները։ Մասնակցել է նաև աշխատանքի պաշտպանության հարցերով ԱՄԿ գլխավոր մասնագետ Վալենտին Մոկանուն։

ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանն իր զեկույցում, մասնավորապես, ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ձեռնարկված հիմնական քայլերը։ Ի սկզբանե, Հայաստանում պարետի որոշումներով հաստատվել են անվտանգության կանոններ՝ կանխելու վարակը տնտեսության բոլոր ոլորտներում, պետական, առողջապահական հաստատություններում և հասարակական կյանքի այլ ոլորտներում: Սահմանված կանոնները համահունչ են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Աշխատանքի միջազգային կազմակերպության ցուցումներին և առաջարկություններին:

Մարտից սկսած՝ ԱԱՏՄ-ն ավելի քան 14 հազար ստուգայց է իրականացրել, որոնց արդյունքում ժամանակավոր կասեցվել է շուրջ 2600 կազմակերպության աշխատանքը։

Ավագյանը շեշտել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ՝ աշխատանքային իրավունքի պաշտպանության նոր մեխանիզմներ կյանքի կոչելու նպատակով:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Դաշինքի 2020 թ․ գործողությունների ծրագրով նախատեսված, այդ թվում և համավարակի պատճառով հետաձգված աշխատանքների վերաբերյալ։

Ի թիվս օրակարգի այլ հարցերի՝ քննարկման առարկա է դարձել նաև աշխատանքի տեսչությունների մասնագետների վերապատրաստման հարցը։

Ջերմուկում ԱԱՏՄ-ն կասեցրել է 4 հանգստյան տան գործունեությունը

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի կողմից Ջերմուկ քաղաքում 24 ժամով կասեցված 4 հյուրանոցային կազմակերպությունների խախտումներն առավելապես վերաբերում են ախտահանման եւ ջերմաչափման գործընթացներին, դրանց համար սահմանված գրանցամատյանների ոչ պատշաճ լրացմանը։

Տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ ստուգայցերը։ Խախտումների նվազմանը զուգահեռ` մշտադիտարկումները նույն խստությամբ են իրականացվում։

Համավարակի կանխման նպատակով պարետի սահմանած նորմերը ենթակա են խստորեն պահպանման։