ԱԱՏՄ ներկայացուցիչը՝ «Աշխատանքի անվտանգությունը գյուղատնտեսության ոլորտում, թունաքիմիկատների օգտագործման խնդիրներ» թեմայով կլոր-սեղանին

ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Ստեփան Շահումյանը մասնակցել է Ագրոարհմիության և «Ամերիքն Սենթեր Ֆոր Ինթերնեյշնլ Լեյբոր Սոլիդարիթի» Հայաստանի մասնաճյուղի կազմակերպած՝ «Աշխատանքի անվտանգությունը գյուղատնտեսության ոլորտում, թունաքիմիկատների օգտագործման խնդիրներ» թեմայով կլոր-սեղանին։

Ստեփան Շահումյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտում Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթը, խոսել է իրականացվող կանխարգելիչ և իրազեկման աշխատանքների մասին։ Միջոցառման մասնակիցները կարևորել են տեսչական վերահսկողությունը։

Քննարկումների և ելույթների արդյունքում արձանագրվել է, որ անհրաժեշտ է նախաձեռնել աշխատանքային խումբ։ Ներկաները պատրաստակամություն են հայտնել մասնակցել այդ աշխատանքներին, իրենց լիազորությունների շրջանակում։

Տեղի է ունեցել քննարկում։ Տեսչական մարմնի մասնագետը պատասխանել է ներկաների հարցերին։

Ինչպիսի ջուր ենք խմում. ստուգումներ՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ ՀՀ կառավարության սահմանած ռիսկերի մեթոդաբանության համաձայն հաստատված 2021 թ-ի տարեկան ծրագրում առաջին անգամ ներառվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։ Ընթացիկ տարում այս ընկերությունում ստուգումներ են իրականացվել առողջապահության նախարարի 2002 թ-ի N 803 և N 876 հրամանների պահանջների (խմելու ջրի որակին և ջրամատակարարման կենտրոնացված համակարգերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ) պահպանումը պարզելու նպատակով։

Տեսչական մարմինն առաջին անգամ է կատարել նման ծավալով ստուգում՝ ըստ ներգրավված տեսուչների քանակի, լաբորատոր փորձաքննությունների, ըստ ստուգման ենթակա տարածքի մեծության և ներգրավված այլ ռեսուրսների։

Ստուգվել են հանրապետության ամբողջ տարածքում Ընկերության կողմից շահագործվող օրական կարգավորող ջրավազանները (ՕԿՋ) և ջրամատակարարման աղբյուրները։

Արձանագրված հիմնական թերություններն են՝

  • սանիտարական պահպանման առաջին գոտիների մի մասը սահմանազատված չէ, հատկապես՝ մարզերում,
  • որոշ տեղերում սանիտարական պահպանման առաջին գոտիների պահպանություն չի իրականացվում,
  • առաջին գոտում գտնվող ոչ բոլոր շենքերն ունեն կոյուղի և կեղտաջրերի մաքրման կայաններ,
  • երբեմն խախտված է մնացորդային քլորի որոշման հաճախակիությունը։

Ստուգումների արդյունքում արձանագրված թերությունների կապակցությամբ «Վեոլիա Ջուր» ընկերությանը տրվել են հանձնարարականներ։

Հարկ է նշել, որ խմելու ջրի որակի հիմնական ցուցանիշներն ընդհանուր առմամբ համապատասխանում են գործող նորմերին և որակի նկատմամբ հսկողությունն ընկերությունն իրականացնում է ամենօրյա կտրվածքով՝ սահմանված ժամկետներում։

855 ստուգայց, 48 խախտում, 34 տուգանք․ նախորդ շաբաթվա ստուգայցերն՝ ամփոփ

Խստացված ստուգայցերը շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 8-14-ը, իրականացրել են ընդհանուր 855 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրել են 48 խախտում, կայացրել 34 տուգանքի որոշում, այդ թվում՝

✅ Երևանի տարածքային կենտրոն՝ 531 ստուգայց, 27 խախտում, 17 տուգանք,

✅ Հարավային տարածքային կենտրոն՝ 47 ստուգայց, 8 խախտում, 3 տուգանք,

✅ Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 28 ստուգաց, 1 խախտում, 2 տուգանք,

✅ Արևմտյան տարածքային կենտրոն՝ 73 ստուգայց, 8 տուգանք,

✅ Արևելյան տարածքային կենտրոն՝ 176 ստուգայց, 12 խախտում, 4 տուգանք։