Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ԱՌԳՈ-ՖԱՐՄ», «ԱՐՋԻՋԻ», «ՎԱԳԱ-ՖԱՐՄ», «ՀՈՎԱՐՏ 20», «ՖԱՐՄ ՍԻՍԱՐ» ՍՊ ընկերություններին 2026 թվականի փետրվարի 2-ին տրվել է շրջանառության դադարեցման (հետկանչի) կարգադրագիր՝ «Վանկոմիցին, վանկոմիցին (վանկոմիցինի հիդրոքլորիդ) 1000մգ, կաթիլաներարկման լուծույթի կամ ներքին ընդունման լուծույթի դեղափոշի (1)» (արտադրող՝ «Ինտերֆարմա» ՍՊԸ, Ռուսաստանի Դաշնություն) դեղի՝ 020324 (պիտանելիության ժամկետ՝ 01.03.2026թ), 040324 (պիտանելիության ժամկետ՝ 31.03.2026թ.), 161224 (պիտանելիության ժամկետ՝ 01.11.2026թ.), 040225 (պիտանելիության ժամկետ՝ 01.01.2027թ.), 060225 (պիտանելիության ժամկետ՝ 01.01.2027թ.), 080625 (պիտանելիության ժամկետ՝ 31.05.2027թ.), 100625 (պիտանելիության ժամկետ՝ 01.05.2027թ.), 170725 (պիտանելիության ժամկետ՝ 01.07.2027թ.), 110625 (պիտանելիության ժամկետ՝ 01.06.2027թ.) 160725 (պիտանելիության ժամկետ՝ 01.07.2027թ.) սերիաների վերաբերյալ։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2026 թվականի հունվարի 30-ին ստացված թիվ 01/446-26 գրությունը և կից փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ առկա է արտադրանքի շրջանառության դադարեցման և հետկանչի ենթակա պատճառ հանդիսացող երկրորդ դասի թերության կասկած։

Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն՝ խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել վերոնշյալ սերիաներով դեղի օգտագործումից:

Կայացել է Տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2026 թվականի անդրանիկ նիստը

2026 թվականի հունվարի 22-ին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։

Օրակարգում ընդգրկված և քննարկման ենթակա հարցերն էին՝

  • Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2025 թվականի տարեկան հաշվետվության նախագծի քննարկում և հավանության արժանացում,
  • Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2025 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվության ներկայացում և քննարկում,
  • Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2025 թվականի 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատման քննարկում և հաստատում,
  • Այլ հարցերի քննարկում։

Տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը խորհրդին է ներկայացրել 2025 թվականի տարեկան հաշվետվությունը` նշելով, որ պլանավորված ստուգումներից զատ իրականացվել են նաև չպլանավորված վերահսկողական աշխատանքներ, ինչպես նաև կատարվել են իրազեկման ու խորհրդատվական ծավալուն աշխատանքներ:

Միաժամանակ, հաշվի առնելով սոցիալական տարբեր հարթակներում մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից գովազդվող կոսմետոլոգիական ծառայությունների օրըստօրե աճող թիվը և բարձր գնահատելով մարդու կյանքի և առողջության վրա այդ ծառայությունների ռիսկերը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ մեծ թվով վերահսկողական աշխատանքներ են իրականացվել՝ բացահայտելով բազմաթիվ խախտումներ, մասնավորապես՝ չլիցենզավորված գործունեություն, գովազդի համար թույլտվության բացակայություն և առանց համապատասխան մասնագիտական կրթության բժշկական ծառայությունների մատուցում:

Օրակարգի հարցերն արժանացել են Խորհրդի անդամների հավանությանը։

  

 

Աշխատանքային քննարկում՝ Տեսչական մարմնի ղեկավարի գլխավորությամբ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ 2026 թվականի հունվարի 08-ին տեղի է ունեցել տարվա առաջին աշխատանքային քննարկումը՝ Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վերաբերյալ։

Մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը, տարածքային կենտրոնների պետերը, մասնագիտական վարչության և բաժնի պետերը, իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետն ու բաժնի իրավաբան։

Քննարկվել են աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի խնդիրները, դատական ու վարչական բողոքների արդյունքում արձանագրված բացթողումներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Որոշվել են 2026 թվականի վերահսկողական աշխատանքների իրականացման նոր և ավելի արդյունավետ մեխանիզմները և ձևաչափերը։

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են հանձնարարականներ։