Դպրոցներում ջերմաստիճանի ապահովման խախտումներ են արձանագրվել

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ուղղված բողոքն այն մասին, որ դպրոցում չի ապահովվում ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված ջերմաստիճանը, ԱԱՏՄ-ի կողմից հունվարի 10-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան 24 հասցեում գործող «Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում զննում է իրականացվել։

Մասնակի զննման արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ։

Դպրոցի 8 մասնաշենքերում տեղակայված աշխարհագրության կաբինետում, 3 դասասենյակում և ռեկրեացիաներում (միջանցք) ժամը 15։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հետևյալ պատկերը. N6/1 և N8/3 դասասենյակներում՝ 16°C, N7/2 դասասենյակում՝ 20°C, աշխարհագրության կաբինետում՝ 18, ռեկրեացիաներում՝ 14°C։

Բացի ջերմաստիճանի առումով առկա խնդիրներից՝ խախտումներ են արձանագրվել նաեւ սանհանգույցների մասով։ Զննման արդյունքում պարզվել է, որ 8 մասնաշենքի յուրաքանչյուր հարկում առկա է մեկ սանհանգույց՝ միայն տղաների կամ աղջիկների համար՝ 4 խցիկով, իսկ առկա սանհանգույցի 4 խցիկից գործում է միայն 2-ը. մյուսները կողպված են և չեն շահագործվում։ Մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված պահանջն է յուրաքանչյուր հարկում ունենալ մեկական սանհանգույց աղջիկների և տղաների համար։ Սանհանգույցների նախասրահներում առկա է 4-ական լվացարան, որից մի մասն անսարք է և չի գործում։

Զննման պահին զուգարանի սենքերը և սարքավորումները գտնվել են ոչ պատշաճ սանիտարական վիճակում, ապահովված չեն եղել հեղուկ օճառով ու զուգարանի թղթով, սանհանգույցի սենքերը չեն ունեցել ամբողջական մակերեսներ՝ ծեփոնաթափված և խոնավացած են։ Մաքրման համար նախատեսված պարագաները գտնվել են նախասրահում՝ բաց վիճակում և առանց մակնշման, բացակայել է կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղը։

Անձնակազմի համար առկա է 2 սանհանգույց՝ 2-ական խցիկով, որոնցից մեկական խցիկ չի գործում, չի եղել ջրհոսքի հարմարանք (трап)։ «Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան հ. 177 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում զննումները շարունակվելու են մինչև հունվարի 17-ը։

Հավելենք, որ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի հունվարի 8-ին և հունվարի 9-ին Երևան քաղաքում և ՀՀ Կոտայքի մարզում գործող 141 հանրակրթական դպրոցից 4-ի դասասենյակներում արձանագրվել է 14-16 °C, իսկ 23 դպրոցի ռեկրեացիաներում՝ 5-16°C։ Հանրապետության մարզերի դպրոցներում սահմանված ջերմաստիճանի պահպանման ամփոփ պատկերը դիտարկվում է։

Առողջապահության նախարարի 12-Ն հրամանով սահմանվում են դպրոցներին ներկայացվող պահանջները: Հրամանը ստորագրվել է 2017 թվականի մարտի 28-ին: Օրենքն ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 12-ից։ Առնվազն 18-22 աստիճան ցելսիուս ջերմաստիճան պետք է ապահովվի դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում։

Արգելվում է դպրոցների ջեռուցումը վառարաններով։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խստորեն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում

Դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսի մեկնարկին ընդառաջ` ԱԱՏՄ-ն ուսումնական հաստատություններին խստորեն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերը։

Առնվազն 18-22 աստիճան ցելսիուս ջերմաստիճան պետք է ապահովվի դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում։

Արգելվում է ջեռուցումը վառարաններով։

Ինչպե՞ս պետք է կազմակերպվի դպրոցների ջեռուցումը, քանի՞ աստիճան պետք է լինի դասասենյակում։

Առողջապահության նախարարի 12-Ն հրամանով սահմանվում են դպրոցներին ներկայացվող պահանջները: Հրամանը ստորագրվել է 2017 թվականի մարտի 28-ին: Օրենքն ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 12-ից։ Ինչպե՞ս պետք է կազմակերպվի դպրոցների ջեռուցումը, քանի՞ աստիճան պետք է լինի դասասենյակում։

Նախարի հրամանի 4-րդ գլխով սահմանվում են շահագործվող հաստատությունների օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները, որի համաձայն`

Հաստատությունում վառարանային ջեռուցում չի թույլատրվում: Հաստատության ուսումնական սենքերը լիարժեք օդափոխվում են դասամիջոցներին, իսկ ռեկրեացիաները` դասերի ընթացքում: Դասերի ավարտից հետո և դասերից առաջ, ինչպես նաև առաջին ու երկրորդ հերթափոխերի միջև ընդմիջման ժամանակ կատարվում է սենքերի միջանցիկ օդափոխություն:

Միջանցիկ օդափոխության տևողությունը որոշվում է ելնելով եղանակային պայմաններից և համապատասխանում է հավելված 3-ում սահմանված պահանջներին: Հաստատության սենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը.

1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս,

2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան ցելսիուս, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան ցելսիուս: Հաստատության մարզադահլիճում դասերի ժամանակ 5 աստիճան ցելսիուսից բարձր արտաքին ջերմաստիճանի պայմաններում բացվում են մեկ-երկու պատուհան:

Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում, մարզադահլիճում պարապմունքներն անցկացվում են բաց օդանցքներով, իսկ միջանցիկ օդափոխությունը կատարվում է դասամիջոցների ժամանակ՝ սովորողների բացակայությամբ: Հաստատությունների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը` 40-60 տոկոսի սահմաններում: Հաստատության տեխնոլոգիա առարկայի ուսուցման արհեստանոցներում, որտեղ հաստոցների և սարքավորումների վրա աշխատանքը կապված է ջերմության և փոշու արտազատման հետ, տեղադրվում է տեղային արտաձիգ մեխանիկական օդափոխություն:

Պետական սահմանի անցման կետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր․ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին

Ամանորի շրջանում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն աշխատել է ուժեղացված ռեժիմով։ Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի եւ Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեցված հսկողություն է իրականացվել երկիր ժամանողների հանդեպ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները եւ ավտոմատ ջերմաչափում կատարելով։

Հսկողության ընթացքում ավտոմատ ջերմաչափման արդյունքում պետական սահմանի անցման կետում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր․ բոլորն էլ ժամանել են Վրաստանից։

ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբանները Բավրայի եւ Այրում- Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկման կետերում 5 անձի մոտ արձանագրել են բարձր ջերմության առկայություն, որոնցից մեկի մոտ դա ուղեկցվել է նաեւ անհայտ ցանավորմամբ։

Տվյալ անձանց մոտ ջերմության առկայության մասին տեղեկացվել է համապատասխան տարածքային պոլիկլինիկաներին՝ նրանց հետագա վիճակը հսկողության տակ պահելու նկատառմամբ։