Անակնկալ ստուգայցեր, կասեցումներ․ ԱԱՏՄ-ն արձանագրում է, որ տեսուչների մուտքի պահին տնտեսավարողներն արագ շտկումներ են անում

Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խստորեն դիտարկել անվտանգության նորմերի պահպանումը։ ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերն այսօր ուժեղացված ռեժիմով Երևանի Ավան վարչական շրջանում էին։

Թեև որոշ տնտեսավարողների մոտ աշխատակիցներն ԱԱՏՄ մասնագետների մուտք գործելուն պես շտկում են դիմակները, սակայն տեսուչներն արձանագրում են դրանք ու այլ խախտումներ։

Ստուգայցերն իրականացվում են ստուգաթերթերով, որոնց վրա առանձին կետերով հերթով լրացվում է՝ որ նորմն է պահպանված, որը՝ ոչ։

ԱԱՏՄ մշտադիտարկումները փաստում են՝ դեռևս տնտեսավարողների մոտ կան թերացումներ ու խախտումներ՝ կապված գծանշումների բացակայության, չափազանց մոտ տեղակայված աշխատասեղանների, սոցիալական հեռավորություն պահպանելու, ախտահանման, ջերմաչափման հետ։

 

 

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը մասնակցում է «Կրի՛ր, որ կրենք» նախաձեռնությանը

Դրա շրջանակում Ավան վարչական շրջանում դիմակներ են նվիրվում քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին։

Կասեցումներ` Երեւանում եւ մարզերում. մեկ օրում` միանգամից շուրջ հինգ տասնյակ

Երեւանի Էրեբունի վարչական շրջանի «Էմ Ջի» սուպերմարկետի կասեցման պահին եւս ակնառու են եղել կոպիտ խախտումներ` աշխատողները` դիմակներն իջած, խառնաշփոթ հերթեր։ Նախորդած ստուգայցը եւս այստեղ խախտումներ էր արձանագրել։

Ըստ ԱԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման պետ Գագիկ Գրիգորյանի` այս տնտեսվարողը պարզ օրինակ է, թե ինչպես չի կարելի պայքարել համավարակի դեմ։ Նրա խոսքով՝ կան տնտեսվարողներ, որոնք իսպառ վերացրել են խախտումները, սակայն կան նաև այսպիսի բացառությունների, ինչը մտահոգիչ է: