300 տնտեսվարողի մոտ դիտարկվել է աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վիճակը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ակտիվորեն շարունակում են մշտադիտարկման աշխատանքները։

Արձանագրված խախտումները հիմք ընդունելով` ՀՀ պարետի որոշմամբ 6 ժամով գործունեության կասեցման որոշում է կայացվել արդեն 42 տնտեսվարողի նկատմամբ։

ԱԱՏՄ-ն շարունակում է թեժ գծով ստանալ բողոքներ։ Դրանց հիմքով եւ սեփական նախաձեռնությամբ Երեւանում եւ մարզերում շուրջ 300 տնտեսվարողի մոտ դիտարկվել է աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վիճակը։

Հիմնական խախտումներն առնչվում են աշխատողներին դիմակներով ու ձեռնոցներով, ախտահանման միջոցներով չապահովելուն, առանձին հանդերձապահարանների ու հոսող ջրի բացակայությանը։

Ուշադրության կենտրոնում են խանութները, սննդի, հացի և այլ ապրանքների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները։ Դիտարկումները կրում են շարունակական բնույթ և ուղղված են թերությունների կանխարգելմանը, խախտումների բացահայտմանը և վերացմանը։

ԱԱՏՄ Բագրատաշենի սահմանային բժիշկներն աշխատում են 24/7 ռեժիմով

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետից հունվարի 24-ից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել։

Սահմանային անցակետում ուժեղացված վերահսկողության շրջանակում աշխատակիցներն իրականացնում են ընթացիկ աշխատանքներ՝ բեռնատարների վարորդների ջերմաչափում, հասցեական քարտերի լրացում, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացում։ Վերահսկվում են ախտահանման աշխատանքները։

Առաջին գծում մասնագետներն աշխատում են 24/7 ռեժիմով։ Այս անցակետով ներկայում թույլատրված է բեռնատարների ելումուտն ու ՀՀ քաղաքացիների վերադարձը։

ԱԱՏՄ-ին նվիրաբերվել է ջերմաչափիչ նոր սարք

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է ջերմաչափիչ նոր սարք, որը համալրել է տեսչական մարմնի տեխնիկական բազան և թույլ է տալիս ջերմաչափել ՀՀ օդային եւ ցամաքային սահմանը հատող ցանկացած անձի։

Նոր ջերմաչափը տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետում` բարելավելու ընթացիկ աշխատանքը։ Այն ապահովում է հեռահար ավտոմատ ջերմաչափում, ինչը թույլ է տալիս պարզել` ՀՀ մուտք գործող ուղեւորահոսքում ջերմող անձ կա՞, թե՞ ոչ։

Ըստ ընթացակարգի՝ ջերմող անձինք առանձնացվում են մյուս ուղևորներից, եւ նրանց մոտ ուսումնասիրվում է վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը։

ՄԱԶԾ-ի Հայաստանյան Գրասենյակ