Օգոստոսի 12-ից ուժի մեջ է մտնում Առողջապահության նախարարի N 79-Ն հրամանը

2025 թվականի օգոստոսի 12-ից ուժի մեջ է մտնում Առողջապահության նախարարի 2025 թվականի հուլիսի 23-ի «Սուր շնչառական վարակների, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջները» հանրային առողջապահական նորմատիվը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 34-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 79-Ն հրամանը։

Նորմատիվը սահմանում է ՍՇՎ-ի, գրիպի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակաբանական դիտարկմանը, համաճարակաբանական հետազոտությանը (հետախուզությանը), կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջները:

Կից ներկայացվում է հրամանը:

 

Կեղծ դիպլոմների բացահայտումներ Տեսչական մարմնի կողմից

2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։

Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն:

Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:

Միաժամանակ, միջնորդագրեր են ներկայացվել լիազոր մարմնին՝ նշված բուժաշխատողների մասնագիտական գործունեության կասեցման, ինչպես նաև՝ վերջիններիս տրված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերն ուժը կորցրած ճանաչելու հարցերը քննության առնելու նպատակով։

Տեսչական մարմինն օրենսդրությամբ վերապահված իր լիազորությունների շրջանակներում իրականացվող վերահսկողության ընթացում հետամուտ է լինելու բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի կեղծման դեպքերի հետագա բացահայտմանը։