Տեսչական մարմնի մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են իրազեկման սեմինարները

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում տնտեսավարող սուբյեկտների և հանրության իրազեկվածության շարունակական բարձրացման համատեքստում Տեսչական մարմնի մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են իրազեկման սեմինարները։

Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները օգոստոսի 1-ին սեմինար-իրազեկում են անցկացրել Արագածոտնի մարզի բժշկական կազմակերպությունների ավելի քան 4 տասնյակ ներկայացուցիչների համար։

Սեմինարին մասնակցել են Տարածքային կենտրոնի ղեկավար Գնել Սարգսյանը և Արագածոտնի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Կարեն Թաթուլյան։

Գնել Սարգսյանը ողջունելով մասնակիցներին ներկայացրել է Տեսչական մարմնի աշխատանքի առաջնահերթությունները, սկզբունքները և աշխատանքային որոշ առանձնահատկություններ։

ԱԱՏՄ մասնագետները ներկայացրել են Բժշկական օգնության և սպասարկման, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության ոլորտները կարգավորող՝ գործող և նոր ընդունված իրավական ակտերը։ Տարածքային կենտրոնի տեսուչները մասնակիցներին ներկայացրել են նաև 2023 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ մտած ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված ծավալուն փոփոխությունները, ծանոթացրել որոշ դրույթների։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:

 
 

Սեմինար-իրազեկում՝ Վանաձոր քաղաքում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչների կողմից հուլիսի 31-ին անցկացվել է իրազեկման սեմինար։

«Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները` աշխատանքային պայմանագրեր, աշակերտի պայմանագիր, փորձնակի պայմանագիր և ուսումնական արձակուրդի վարձատրության պայմանները» թեմայով սեմինարին մասնակցել են Վանաձոր քաղաքի տնտեսավարող սուբյեկտների 20 ներկայացուցիչներ։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև սեմինարի մասնակիցների հարցերին: