Իրազեկման սեմինար՝ մասնավոր նախադպրոցական հաստատությունների տնօրենների համար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (Տեսչական մարմին) մասնագետներն իրազեկման սեմինար են անցկացրել մասնավոր նախադպրոցական հաստատությունների 2 տասնյակից ավելի տնօրենների համար։

Սեմինար-խորհրդատվությունն անցկացնելու առաջարկով Տեսչական մարմնին դիմել էր Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիան (ՄՆՀԱ)։

Իրազեկման միջացառումն անցկացրել են Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչ Գարիկ Պողոսյանը, Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանը և նույն վարչության բժիշկ-համաճարակաբան Ժանետա Պետրոսյանը։

Քննարկվել է նախադպրոցական ոլորտի իրավական ակտերի և լիցենզավորման պարտադիր պահանջների թեման, պարզաբանվել են սանիտարահիգիենիկ նորմերը:

Մասնավորապես՝ կազմակերպությունների ներկայացուցիչներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թ․-ի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների հիմնարկների» N 2-III-1 սանիտարական նորմերի, կանոնների պահանջների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների աշխատաժամանակի ռեժիմի առանձնահատկությունների, աշխատանքային օրենսդրության փոփոխությունների ու վերահսկողության ընթացքում հաճախ հանդիպած խախտումների վերաբերյալ։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև մասնակիցների մի շարք հարցերին։

  
 

Օրենսդրական փոփոխություններ՝ ՀՀ-ում դեղերի շրջանառության վերահսկողության ոլորտում

Մարտի 6-ից ուժի մեջ է մտնելու ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները և հարակից օրենսդրական փոփոխությունները։

Դեղերի շրջանառության վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահվել է հսկիչ գնում իրականացնելու լիազորություն։

«Դեղերի մասին» ՀՀ օրենքում կատարված մեկ այլ փոփոխությամբ նախատեսվել է նաև դեղերի մեծածախ իրացման, ինչպես նաև դեղատնային գործունեության լիցենզիաների կասեցման կամ դադարեցման նոր հիմքեր։

Մասնավորապես դեղերի մեծածախ իրացման լիցենզիաները և դեղատնային գործունեության լիցենզիաները, բացի «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված դեպքերից, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին խախտելու դեպքում` ենթակա են կասեցման երկամսյա ժամկետով։ Կասեցման ժամկետի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կամ 23-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջներից որևէ մեկը կրկին խախտելու դեպքում լիցենզիաները դադարեցվում են: Լիցենզիաները դադարեցնելու լիազորությունը վերապահվել է լիցենզավորող մարմնին։

Միաժամանակ փոփոխություն է կատարվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասում, մասնավորապես՝ ՀՀ չգրանցված (բացառությամբ ՀՀ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու կամ արտադրելու կամ պահպանելու կամ բաշխելու կամ իրացնելու համար սահմանվել է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր անվանմամբ դեղի`

1) մինչև 5 դեղի փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.

2) 5-ից ավելի դեղի փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։