Տեսչական մարմինը վաստակած հանգստի է ճանապարհել Որակի ապահովման վարչության աշխատակից Սիլվա Սևոյանին

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վաստակած հանգստի է ճանապարհել Տեսչական մարմնի որակի ապահովման վարչության երկարամյա աշխատակից Սիլվա Սևոյանին։

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը շնորհակալություն է հայտնել նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար։

Կառույցի կողմից նրան շնորհվել է շնորահակալագիր։ ԱԱՏՄ արհմիության նախագահ Մարիետտա Հախվերդյանը հուշանվեր է հանձնել։

ԱԱՏՄ անձնակազմը շնորհավորում է Սիլվա Սևոյանին վաստակած հանգստի անցնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնում անձնվեր աշխատանքի համար:

ԱԱՏՄ. Չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել անծանոթ, անհայտ ծագման սունկ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, սնկերից առաջացած սննդային թունավորումներից խուսափելու նպատակով հորդորում է՝

  • չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել անծանոթ, անհայտ ծագման սունկ,

  • չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր,

  • սննդում չօգտագործել հում սունկ,

  • սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,

  • չգնել խառը, չտեսակավորված սունկ։ Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի,

  • հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել,

  • ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

Շատ վտանգավոր է նաև տնային պայմաններում պատրաստված սնկի պահածոների օգտագործումը, քանի որ հերմետիկ փակ տարայում նպաստավոր պայմաններ են ստեղծվում բոտուլիզմի զարգացման համար:

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: Սնկերից առաջացած սննդային թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են՝ որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, զգայապատրանքները (հալյուցինացիա)` առանց քնկոտության ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը:

Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես` անմիջապես պետք է դիմել բժշկի, որից մեծապես կախված է թունավորման բարեհաջող ելքը:

Եղե՛ք առողջ և անվտանգ։

98 ստուգում` 2021 թ․-ի հունվար-հունիսին. ԱԱՏՄ

2021 թ․-ի հունվար-հունիսին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է 98 ստուգում, որից 47-ի դեպքում կազմվել է ստուգման ակտ, տրվել է կարգադրագիր՝ խախտումների և թերությունների վերացման մասին, 51 տեղեկանք։ Ներկայումս 38 ստուգում ընթացքի մեջ է։

Ընդհանուր առմամբ՝ հրապարակվել է 118 հանձնարարագիր՝ 135 ստուգում իրականացնելու նպատակով։

Ստուգումներն իրականացվել են 4 ոլորտներում․

☑️ դեղերի շրջանառության ոլորտ` իրականացվել է 50 թեմատիկ ստուգում, կազմվել է 12 ստուգման ակտ, ընթացքի մեջ է 8 թեմատիկ ստուգում,

☑️ բժշկական օգնության և սպասարկման ոլորտ`իրականացվել է 11 թեմատիկ ստուգում, կազմվել է 10 ստուգման ակտ, ընթացքի մեջ է 13 թեմատիկ ստուգում,

☑️ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտ` իրականացվել է 21 թեմատիկ ստուգում, կազմվել է 14 ստուգման ակտ, ընթացքի մեջ է 12 թեմատիկ ստուգում,

☑️ աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ` իրականացվել է 16 թեմատիկ ստուգում, կազմվել է 11 ստուգման ակտ, ընթացքի մեջ է 4 թեմատիկ ստուգում։

Նշենք, որ Տեսչական մարմնի 2021 թ․-ի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված է իրականացնել 266 թեմատիկ ստուգում՝ 241 տնտեսավարող սուբյեկտների մոտ (ըստ 4 ոլորտների), որոնցից 186-ը՝ բարձր ռիսկայնության, 67-ը՝ միջին, և 13-ը՝ ցածր ռիսկայնության։