Ստացված դիմում-բողոքների թիվը՝ հունվար-հունիս ամիսներին


2021 թ․-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է շուրջ 283 դիմում-բողոք, որոնց մեծ մասի դեպքում հարուցվել է վարչական վարույթ։

37 դիմում-բողոք վերահասցեագրվել է, 15-ը՝ վերադարձվել, իսկ 58-ի դեպքում տրվել է պարզաբանում։

Դիմում-բողոքների գերակշիռ մասը՝ 145-ը կամ 51.2 %-ը վերաբերել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման, 104-ը կամ 36․7 %-ը՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, 26-ը կամ 9․1 %-ը՝ բժշկական սպասարկման, և 8-ը կամ 2․8%-ը՝ դեղերի շրջանառության և դեղագործական ոլորտներին։

Նշենք, որ Տեսչական մարմնի՝ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերահսկողական գործառույթների ընդլայնումից՝ 2020 թ․-ի հուլիս ամսից սկսած մինչև տարեվերջ ստացվել էր շուրջ 60 դիմում-բողոք։

Փոփոխություն՝ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-Ի N 755-Լ որոշման մեջ

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ փոփոխություն և լրացում է կատարվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-Ի N 755-Լ որոշման մեջ։

Ըստ այդմ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնելու գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ։

Սույն փոփոխությունը Տեսչական մարմնին հնարավորություն է տալիս վերահսկել նաև աշխատանքային օրենսդրությամբ սահմանված խտրականության արգելքների պահպանման, աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի պահպանման, աշխատաժամանակի և հանգստի ժամանակի տևողությունների պահպանման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման, վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման և մի շարք այլ հարցեր։

Ընդ որում՝ Տեսչական մարմինն իրավասու է վարույթ հարուցել սեփական նախաձեռնությամբ, այդ թվում՝ մամուլի հրապարակումների հիման վրա։

Մանրամասները՝ կից հղումով։

https://www.e-gov.am/decrees/item/23631/

 

Մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար ԱԱՏՄ եռօրյա սեմինար-խորհրդատվությունն ավարտվեց

Ավարտվեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված եռօրյա իրազեկման սեմինար-խորհրդատվությունների շարքը՝ Երևանի ենթակայության մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար:

Սեմինար-խորհրդատվությունը վարել են Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և ՏՄ մասնագետները։

Կազմակերպությունների ներկայացուցիչներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թ․-ի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների հիմնարկների» N 2-III-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջների և աշխատանքային օրենսդրության փոփոխությունների մասին։

Սեմինար-խորհրդատվությունները կլինեն շարունակական։