Հաշվի առնելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությունով և ֆեյսբուքյան էջով քաղաքացիների կողմից ստացված բողոքներն առ այն, որ գործատուները վերջին օրերին աշխատողներին (որպես աշխատանքային հարաբերությունները շարունակելու պայման) պարտադրում են մասնակցել հանրահավաքներին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը hայտնում է.

  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ օրենսգիրքը կարգավորում է անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները,
  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3.1-ին հոդվածի համաձայն՝ աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է (Խտրականություն է համարվում նաև քաղաքական հայացքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում),
  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել նաև գործատուի նախաձեռնությամբ, մինչդեռ, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը սպառիչ սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով, և հանրահավաքներին չմասնակցելը աշխատանքային պայմանագրի լուծման հիմք չի կարող հանդիսանալ։ 

Բոլոր այն դեպքերում, երբ կխախտվեն քաղաքացիների աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքները և կլինեն աշխատանքից անօրինական ազատումներ (կայացած փաստ) քաղաքացիները կարող են դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝

  • info@hlib.am էլեկտրոնային հասցեով,
  • 81-07 «Թեժ գծի» հեռախոսահամարով,
  • էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով (e-request.am):

Բողոքներ ստանալու դեպքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն  աշխատողների խախտված աշխատանքային իրավունքները վերականգնելու նպատակով, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընթացք կտա դրանց և կիրականացնի  օրենսդրությամբ սահմանված կարգով վարչարարություն։

Սպառնալիքների վերաբերյալ  ստացված դիմումները դուրս են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունների շրջանակներից. քաղաքացիները կարող են դիմել իրավապահ մարմիններին։

Նշենք որ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից (մասնավոր հիմնարկ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին և այլն):

Հարգանքով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։

Իրազեկման լայնածավալ աշխատանքներ՝ ողջ հանրապետությունում

 

Իրազեկման լայնածավալ աշխատանքներ՝ ողջ հանրապետությունում․ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի եւ մարզային տարածքային ստորաբաժանումները դպրոցներում, մանկապարտեզներում, հանրային տրանսպորտում եւ դեղատներում փակցնում են իրազեկման թերթիկներ։

Դրանցով ներկայացվում են տրանսպորտի եւ դպրոցների համար սահմանված Covid-անվտանգության կանոնները, նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների համար սահմանված ջեռուցման նորմերը։

Միաժամանակ, ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները սահմանված այս նորմերի պահպանման ուղղությամբ՝ գնալով նաեւ դրանց չպահպանման մասով ստացված բոլոր ահազանգերի հետքերով։

ԱԱՏՄ թեժ գիծ՝ 8107։