Կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են ՀՀ ողջ տարածքում՝ առանց հանգստյան օրերի

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական տարածք, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գրասենյակային տարածք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և ոչ միայն․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցների ստուգայցերն այսօր այս տնտեսավարողների մոտ արձանագրել են Covid-անվտանգության նորմերի որոշակի խախտումներ։

Ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները որոշ դեպքերում լրացվել են սահմանված ձևաչափին ոչ համապատասխան, բացակայել են համավարակի տարածումը կանխելու վերաբերյալ իրազեկման թերթիկները, օգտագործված թափոնների համար նախատեսված փակվող աղբամանները սահմանված քանակի չեն եղել։

ԱԱՏՄ մասնագետները տնտեսավարողներին տվել են խախտումներն արագ շտկելու հանձնարարական։

Կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են ՀՀ ողջ տարածքում՝ առանց հանգստյան օրերի։

 

Covid-անվտանգության միջոցառումների շարքում տնտեսվարողները պետք է վարեն ջերմաչափման և ախտահանման գրանցամատյաններ՝ պահպանելով սահմանված ձեւաչափերը

Covid-անվտանգության միջոցառումների շարքում տնտեսվարողները պետք է վարեն ջերմաչափման և ախտահանման գրանցամատյաններ՝ պահպանելով սահմանված ձեւաչափերը։

Հիմք ընդունելով ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքների ամփոփ պատկերը, ըստ որի՝ վերջին շրջանում տնտեսավարողների մոտ covid-անվտանգության կանոններից առավել հաճախ չի պահպանվում ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները սահմանված ձեւաչափով վարման պահանջը,

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝

ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ. օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով կորոնավիրուսի (covid-19) տարածման կանխարգելման նպատակով սահմանվել են սանիտարական կանոններ։

Սահմանված պահանջներից է, մասնավորապես, նաեւ այն, որ տարբեր ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտները պետք է վարեն ախտահանման եւ ջերմաչափման աշխատանքների գրանցամատյաններ՝ պարտադիր սահմանված ձեւի համապատասխան։

Օրական 2 անգամ՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ֆիքսված ժամի և ավարտին, իրականացվում են տարածքի ախտահանման և աշխատակիցների ջերմաչափման աշխատանքներ, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լրացվի նախարարի հրամանով հաստատված ձեւաչափի գրանցամատյաններում։

Պահանջը սահմանված է պետական կառավարման մարմինների, փակ արտադրական տարածքների, տնտեսական գործունեություն իրականացնող, hյուրանոցային տնտեսության օբյեկտների և այլ ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար։

Սահմանված ձեւաչափերով գրանցամատյանների թերի լրացումը կարող է վկայել նշված աշխատանքների թերի իրականացման մասին։

Ի գիտություն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի պահանջները, իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով ԱԱՏՄ-ն տեղեկացնում է՝ հարկ է 15-օրյա ժամկետում ԱԱՏՄ ներկայացնել մասնագիտական ռիսկի գործոնների ենթարկվող աշխատողների բուժզննության արդյունքները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն աշխատողները, որոնք աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոններին, պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար անցնել բժշկական զննություն,

Օրենսգրքի 249-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա մասնագիտությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաև բժշկական զննության անցկացման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

ՀՀ կառավարության 2004 թ․ հուլիսի 15-ի N1089-Ն որոշմամբ  սահմանվել է «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը,

Որոշման N1 Հավելվածի 3-րդ կետի համաձայն` աշխատողների նախնական և պարբերական բժշկական զննությունն անցկացվում է բժշկական կազմակերպության կողմից,

Որոշման N1 Հավելվածի 8-րդ կետի համաձայն` նախնական և պարբերական բժշկական զննություն իրականացնող բժշկական կազմակերպության տնօրինությունն իր հրամանով ստեղծում է բժշկական զննություն անցկացնող հանձնաժողով, որոշում հանձնաժողովի աշխատանքի կարգը, պատասխանատվություն է կրում նրա աշխատանքի որակի համար, կազմակերպում է լաբորատոր, գործիքային և ֆունկցիոնալ հետազոտությունների` անհրաժեշտ ծավալով և որակով կատարումը:

Տեսչական մարմինն իրականացնում է հսկողություն նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա բոլոր աշխատողների պարտադիր բժշկական զննության ենթարկվելու և այն ժամանակին անցկացնելու նկատմամբ:

Որոշման համաձայն` բժշկական կազմակերպությունը պարբերական բժշկական զննության ամփոփ արդյունքները եզրափակիչ ակտով 15-օրյա ժամկետում գրավոր ներկայացնում է կազմակերպություն և տեսչական մարմին։

Ելնելով վերոգրյալից և կարևորելով վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության հետ կապված աշխատանքի ընդունվող անձանց` հանձնարարվող աշխատանքներին նրանց առողջության համապատասխանության որոշման, այդ գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողների առողջական վիճակի դինամիկ հսկողության, մասնագիտական հիվանդությունների կանխարգելման, դժբախտ պատահարների կանխման ու աշխատանքի անվտանգության հարցերը, Տեսչական մարմինն առաջարկում  է  լաբորատոր, գործիքային և ֆունկցիոնալ հետազոտությունները կատարել անհրաժեշտ ծավալով ու որակով և եզրափակիչ ակտերը սահմանված ժամկետում ներկայացնել  Տեսչական մարմին: