ՀՀ կառավարությունը հաստատել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ստուգումների իրականացման ևս մի քանի ստուգաթերթ

ՀՀ կառավարությունը հաստատել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ստուգումների իրականացման ևս մի քանի ստուգաթերթ։Դրանց հիմքով կընդլայնվի տեսչական մարմնի ստուգումների շրջանակն ու կավելանա ստուգումների թիվը։

ԱԱՏՄ այս տարվա ծրագրով նախատեսված են ստուգումներ շուրջ 200 տնտեսվարողի մոտ։ Դրանք արդեն սկսվել են։

Ստուգումներն իրականացվում են տեսչականի վերահսկողության 4 հիմնական ոլորտում՝ դեղերի շրջանառության, բուժսպասարկման, հիգիենիկ եւ սանիտարահիգիենիկ վերահսկողության, ինչպես նաև աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նկատմամբ՝ ռիսկի վրա հիմնված։ Ռիսկերը գնահատվել են նախապես հաստատված մեթոդաբանության համաձայն։

«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ որոշների, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր իրավասությունների շրջանակում մինչ այս վերահսկողությունն իրականացրել է վարչական վարույթների միջոցով։ Մինչդեռ օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններն ամբողջապես իրականացնելու համար անհրաժեշտ էր կառավարության կողմից հաստատել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի պահանջից բխող ստուգաթերթերը՝ նույն օրենքով սահմանված կարգով պլանային և ոչ պլանային ստուգումներ իրականացնելու նպատակով։

Ըստ այդմ՝ փուլ առ փուլ հաստատվում են գործող իրավակարգավորումներին համապատասխան մշակված ստուգաթերթերը։ Դրանք տնտեսավարող սուբյեկտների մոտ անցել են նախնական փորձարկում եւ քննարկում, որոնց ընթացքում արձանագրվել և հաշվի են առնվել վերջիններիս դիտողություններն ու առաջարկությունները, ինչի արդյունքում ստուգաթերթերում ներառվել են ոլորտի առավել ռիսկային հարցերը։

Ստուգաթերթերի հաստատմամբ ԱԱՏՄ-ն, որպես ստուգում իրականացնող կառույց, օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններն ամբողջապես եւ պատշաճ իրականացնելու հնարավորություն է ստանում։

Այս ստուգաթերթերի հատատմամբ ուժը կորցրած են ճանաչվել ռիսկի վրա հիմնված ստուգումների նախկին ստուգաթերթերը՝ հաշվի առնելով, որ առողջապահության նախարարության աշխատակազմում այլևս չի գործում առողջապահական պետական տեսչություն։ Փոխարենը, այդ կառույցը վերակազմակերպվել և գործում է որպես ՀՀ կառավարությանը ենթակա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։

Ուժեղացված ստուգայցեր մարզերում և Երևանում. ԱԱՏՄ


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքի վարչական շրջաններում և մարզերում շարունակել են պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը։

Տեսչական մարմինն այսօր ստուգայց է կատարել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Էական խախտումներ չեն արձանագրվել:

ՀՀ ամբողջ տարածքում մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են նաև բժշկական կազմակերպություններում, ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, գեղեցկության սրահներում, գրասենյակներում և մանրամեծածախ առևտրի կետերում։

Խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Տնտեսավարողներին տրամադրվել են նաև խախտումների վերացման ցուցումներ։

Մշտադիտարկում՝ Գյումրիի թանգարաններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը մշտադիտարկումներ են իրականացրել Գյումրիի Սերգեյ Մերկուրովի անվան տուն-թանգարանում և Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան ՊՈԱԿ-ում։

Համավարակի տարածումը կանխելու նպատակով թանգարանների համար սահմանվել են հետևյալ անվտանգության կանոնները․

Մասնավորապես,

📌 Թանգարանի այցելուների սպասարկման կանոններ.

 

✅Թանգարանում գտնվելու ողջ ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ,
✅Նախքան թանգարան մտնելը կատարվում է այցելուների ջերմաչափում հեռավար ջերմաչափով՝ ապահովելով անվտանգ գործելակարգ, և ձեռքերի ախտահանում ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
✅Բացառել այցելուների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը,
✅Անհրաժեշտ է բացառել թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը այցելուների շրջանում,
✅Հատկապես խմբային այցելությունների համար անհրաժեշտ է սահմանել հստակ ժամային միջակայք: Խմբային այցելությունները պարտադիր իրականացվում են ուղեկցորդի հսկողությամբ,
✅Աշխատակիցների և այցելուների միջև անհրաժեշտ է շփումը հասցնել նվազագույնի, ցանկացած շփում իրականացնել առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ,
✅Անհրաժեշտ է բացառել հպվող էկրանների, այլ ինտերակտիվ միջոցների օգտագործումը։