Կայացել է ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի նիստը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն անցկացրել է ԱԱՏՄ ղեկավարին կից ստեղծված խորհրդակցական խմբի հերթական հեռավար նիստը․ աշխատանքային իրավունքների պաշտպանության թեմայով այն առաջինն էր։

Կարևորելով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը՝ խորհրդակցական այս խմբում ներգրավվել են ներկայացուցիչներ նաեւ մի շարք ընկերություններից, օրենսդիր մարմնից, գործատուների միությունից, արհմիությունների կոնֆեդերացիայից եւ բուհերից։

Խմբի ձևավորման նպատակը տեսչական մարմնի գործունեության արդյունավետության բարձրացումն է, ինչը կարեւորվում է հատկապես այս շրջանում՝ կապված աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում տեսչականի գործառույթների ընդլայնման հետ։

▪️Նիստի օրակարգի հիմնական թեման վերաբերել է ԱԱՏՄ նոր գործառույթներին, համավարակի շրջանում նկատված աշխատանքային իրավունքի խնդիրներին, նաև` առաջիկա անելիքներին:

Մեծապես գնահատելով խմբում ընդգրկված մասնագետների պատրաստակամությունը՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը շեշտել է, որ օրենսդիրն ու գործադիրը քաղաքական կամք են ցուցաբերել՝ աշխատանքային իրավունքի ամուր պաշտպանության հարցը բերելով օրակարգ։ Տեսչականի գործառույթները, համավարակով պայմանավորված, օրենքով արդեն որոշակիորեն ընդլայնվել են։ ԱԱՏՄ-ն ոլորտի լիազոր մարմին է ճանաչվել, փոփոխվել է տեսչական մարմնի կանոնադրությունը։

▪️«Աշխատողի իրավունքների որոշ կոպիտ խախտումներ արձանագրելով հանդերձ՝ մեր գործիքակազմը շատ դեպքերում թույլ չի տալիս դրանցով զբաղվել։ Սակայն այժմ աշխատանքի նախկին տեսչության գործառույթները վերականգնվում են։ Մինչ դրանք 2021-ի հուլիսից ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն, մենք պատրաստվում ենք այդ պարտավորությունը պատշաճ ստանձնելուն։ Ավելացվում են հաստիքները, վերապատրաստումներ են կազմակերպվում»,-մանրամասնել է Ավագյանը։

▪️Համավարակի շրջանում ԱԱՏՄ-ն արդեն ստացել է շուրջ 30 դիմում-բողոք։ Դրանք առնչվել են հարկադիր պարապուրդի համար չվճարելուն, աշխատավարձը չհաշվարկելուն ու չվճարելուն, վերջնահաշվարկ չկատարելուն, աշխատանքից անհիմն ազատելուն եւ աշխատանքային պայմանագրի լուծման կարգը չպահպանելուն։

▪️Այսօրինակ խնդիրներով զբաղվելուն զուգահեռ՝ ԱԱՏՄ-ն վերահսկողություն եւ մշտադիտարկում է իրականացնում պարետի սահմանած անվտանգության կանոնների կատարումը պարզելու եւ դրանց պահպանումն ապահովելու նպատակով։ Ավելի քան 17 հազար մշտադիտարկումը խախտում է արձանագրել շուրջ 6 600 տնտեսվարողի, այսինքն՝ շուրջ 37 տոկոսի մոտ։

Վարակի տարածման տեսանկյունից առավել ռիսկային խախտումների հիմքով պարետի որոշմամբ ավելի քան 2700 տնտեսավարողի նկատմամբ կիրառվել են սահմանափակումներ։

Խորհրդակցական խմբի անդամները բարձր են գնահատել ԱԱՏՄ ջանքերն այս ուղղությամբ ու տարվող գերծանրաբեռնված աշխատանքը։ Միաժամանակ, բարձրացվել են ոլորտին վերաբերող մտահոգիչ խնդիրներ։

Խոսվել է օրենսդրական որոշ փոփոխությունների անհրաժեշտության մասին, ինչին ուղղված առաջարկներն առաջիկայում առավել առարկայորեն կդիտարկվեն։

Քննարկվել են ստուգումների մտնելուց առաջ ստուգվողին 3 օր առաջ պարտադիր ծանուցելու նորմը վերանայելու ու որոշ բացառություններ սահմանելու եւ այլ հարցեր։

Նիստի մասնակիցները պատրաստակամություն են հայտնել նպաստել դաշտում վերահսկողության բարելավմանը եւ աշխատանքային իրավունքի պաշտպանությունն առավել բարձր մակարդակի բերելուն, նաև առաջարկներ են ներկայացրել հետագա գործակցության վերաբերյալ։

  

Խստագույնս պահանել սանիտարահամաճարակային նորմերը հատկապես այս շոգ շրջանում․ ԱԱՏՄ հորդորը

‼️ Որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու՝ ՀՀ ԱԱՏՄ-ն հորդորում է`

 շոգ եղանակով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հնարավոր առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է՝

☑️ Խմելու ջրի համային և գունային փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքում այն չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո, ինչպես նաև դիմել համապատասխան մարմիններին,
☑️ Չգնել անհայտ ծագման, չսահմանված վայրերում, առանց պատշաճ ջերմաստիճանի և հիգիենիկ պայմանների պահպանման վաճառվող սննդամթերք, հատկապես պատրաստի սննդատեսակներ (քաբաբ, խորոված, մսով, սնկով փքաբլիթներ, այսպես կոչված՝ Ղարսի խորոված), կրեմային հրուշակեղեն, լցնովի պաղպաղակ և այլն,
☑️ Հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվանալ օճառով,
☑️ Միրգ, բանջարեղեն, հատապտուղներ օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող խմելու ջրով,
☑️ Սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի աղտոտումից զերծ պահելու նպատակով։ Չհավաքել և սննդում չօգտագործել անհայտ ծագման սնկեր։
☑️ Չպահել պատրաստի սնունդը սենյակային ջերմաստիճանում երկու ժամից ավելի։
☑️ Չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ջրով,
☑️Չաղտոտել շրջակայքը,
☑️ Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանիշերի առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի։

Հիշեցնենք՝ աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հիմնական ախտանշաններն են թուլությունը, գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, փսխումները, լուծը, ջերմության բարձրացումը և այլն։

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նկառմամբ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է նաեւ`
☑️հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևերով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին,
☑️առողջարանային-վերականգնողական,
☑️ուսումնական հաստատություններին,
☑️մանկատներին,
☑️երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններին,
☑️տուն-ինտերնատներին,
☑️ հյուրանոցային տնտեսություններին,
☑️արտադրական ձեռնարկություններին՝
խստագույս պահպանել սանիտարահամաճարակաբանական կանոններն ու նորմերը։

ԱԱՏՄ վերահսկողական աշխատանքները նշված սուբյեկտների մոտ կրում են մշտական բնույթ, այս շրջանում՝ հատկապես ուժեղացված։

Փոփոխություններ՝ պարետի 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ

Այսուհետ դիմակ կրելը պարտադիր չէ հանգստյան գոտիներում և լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում:

Այս և այլ փոփոխություններ կատարվել են պարետի 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ։

Ըստ այդ սահմանվում է նաև, որ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում։