Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիա»-ում, «Վեոլիա Ջուր»-ում, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում․ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

Կասեցումներ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում, Արարատի ոսկու կորզման «Գեոպրոմայնինգ Գոլդ» ֆաբրիկայում․ ՀՀ պարետի թիվ 63 որոշման 4-րդ հավելվածով սահմանված «Գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (Covid 19) տարածման, կանխարգելման» անվտանգության կանոնների պահպանման փաստը պարզելու նպատակով առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումներն արձանագրել են որոշ խախտումներ։ Դրանց հաջորդել է պարետի կասեցման որոշումը։

Կասեցումների այսօրվա ցանկում է եւս շուրջ 4 տասնյակ ընկերություն տարբեր բնակավայրերում։ Դրանցից երկուսի գործունեությունը կասեցվում է 48 ժամով։

Ամենահաճախակի խախտումներից են փակվող աղբարկղերի մասով սահմանված պահանջների չպահպանումը, աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանի վարումն իրականացվում է խախտումներով, աշխատակիցները չեն կրում դիմակ։

Կասեցումներին զուգընթաց՝ ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերն այսօր շարունակվել են տարբեր բնակավայրերում, ուժեղացված ռեժիմով նաեւ՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Այստեղ հերթական մշտադիտարկումներն են անցկացվել` բացառելու նախկինում նկատված ու նոր հնարավոր խախտումները։ Կրկնակի դիտարկվել են նաև նախորդիվ կասեցված տնտեսավարողները։

Հիշեցնենք՝ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է այն պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցները մոտենում, տեղեկացնում են որոշման մասին և փակցնում են կասեցման թերթիկը։

ԱԱՏՄ-ն շեշտում է՝ կրկնակի և համակցված խախտումների դեպքում 24-ժամյա կասեցումներից բացի՝ կայացվում են նաև 48 և 72 ժամով կասեցման որոշումներ: Պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։

Ինչ ավարտ ունեցավ անակնկալ ստուգայցը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում նաև հանրային ծառայություններ մատուցող ընկերություններն են։
Կասեցված կազմակերպությունների մասին` տեսանյութում։

ԱԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերը` Երևանի Էրեբունի վարչական շրջան

ԱԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերն արդեն երկրորդ օրն է՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում են․ մասնագիտական խմբերը երեկվանից այստեղ հատված առ հատված դիտարկում են սահմանված նորմերի կատարումը նաև կրկնայցերի միջոցով։

Արձանագրվող հիմնական խախտումները նույնն են՝ ախտահանիչ նյութերի բացակայություն կամ անհամապատասխանություն սահմանված նորմերին, շփման մակերեսների ոչ պատշաճ ախտահանումը, աշխատակիցների կողմից դիմակի ոչ ճիշտ կրելը, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների լրացման թերացումները:

Տեսչական մարմնինը տնտեսավարողներին աջակցում է նաեւ խորհրդատվությամբ, ցուցումներով, նաև զգոնության կոչ անում՝ հիշեցնելով կրկնակի խախտումների պարագայում սպասվող առավել խիստ պատժամիջոցների մասին: