Նոր հարթակ՝ աշխատողի իրավունքի պաշտպանության համար․ նախագիծն ԱԱՏՄ օրակարգում է

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը նախատեսում է ստեղծել աշխատողների իրավունքների պաշտպանության նոր օնլայն հարթակ։ Այն կունենա որոշակի ընդհանրություններ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործարկած bizprotect.am կայքի հետ, որը նախատեսված է բիզնեսից անանուն ահազանգերի ստացման համար։

ԱԱՏՄ-ն նախատեսում է առաջիկա ամիսներին ՄԱԿ-ի աջակցությամբ եւ Իրավաբանների ասոցիացիայի հետ գործակցությամբ գործարկել իր այս համակարգը, որով կընդունվեն անանուն դիմում-բողոքներ աշխատողների իրավունքների հնարավոր խախտումների մասին։

Տեսչական մարմինը կքննարկի եւ իր լիազորությունների շրջանակում ընթացք կտա դրանց։ Նոր համակարգով բողոքաբերը կարող է մնալ անանուն, չի բացահայտվի նրա համակարգչի IP հասցեն։

Նոր կայքի ստեղծմանը կհաջորդեն հանրության իրազեկման եւ դրանով աշխատելու՝ տեսչական մարմնի աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

Նախաձեռնության նպատակն աշխատանքային իրավունքների վերահսկողության եւ տեսչական մարմնի հանդեպ վստահության բարձրացումն է։

Նախորդիվ թեմային առնչվող հարցեր են քննարկվել հեռավար հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ՀՀ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի ներկայացուցիչ Մարինա Մալխասյանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ԱԱՏՄ ներկայացուցիչներ եւ այլ գործընկերներ։

Հիշեցնենք՝ արտակարգ դրության հետևանքով ստեղծված իրավիճակում կատարված օրենսդրական եւ ԱԱՏՄ կանոնադրության փոփոխություններով ԱԱՏՄ-ն այսուհետ իրավունք ունի գրավոր դիմումի հիմքով քննարկել և աշխատողների խախտված իրավունքները վերականգնելու միջոցներ ձեռնարկել:

Սակայն կան դեպքեր, երբ աշխատողն իր աշխատանքային խախտված իրավունքները բարձրաձայնելիս նախընտրում է անանուն մնալ։

ԱԱՏՄ աշխատանքային խմբերը շարունակում են իրենց լայնածավալ աշխատանքը մայրաքաղաքում և մյուս մարզերում

ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնն այսօր ակտիվ ստուգայցեր է կատարել, մասնավորապես, հյութերի եւ պահածոների գործարաններում, զուգահեռ նաև կասեցումներ է իրականացրել։ Կասեցվողների այսօրվա ցանկում էին, մասնավորապես, «Ծիրան» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը։

Ստուգայցերի հիմնական ոլորտային ուղղություններից են նաև բժշկական հիմնարկները և ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաները․ վերջիններում մշտադիտարկումների անցկացումը սահմանված է պարետի 104 որոշմամբ։

Կասեցումներ եղել են նաև Վանաձորում, Աբովյանում, Եղեգնաձորում․ հիմնականում՝ անհատ ձեռնարկատերեր։

Ուժեղացված ստուգայց` Ստեփանավանում եւ կասեցումներ` Դիլիջանում ու Իջեւանում

Ստեփանավանում բիզնեսը հիմնականում բարեխիղճ է համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանման հարցում։

Այս պատկերն է այսօր արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնը, որի մասնագիտական թիմերը լայնածավալ ուժեղացված ստուգայցեր են անցկացրել քաղաքում։ ԱԱՏՄ մասնագետներն առանձնակի խախտումներ չեն արձանագրել․ դրանք եղել են տեղում շտկման ենթակա ու կասեցման համար հիմք չեն հանդիսանում։

Ստուգայցն ընդգրկել է բավականին լայն ոլորտներ՝ մանրածախ առեւտրի կենտրոններ, գեղեցկության սրահներ, դեղատներ և այլն։

ԱԱՏՄ-ն զգուշացնում է՝ թեև խախտումները զգալիորեն նվազել են, սակայն անակնկալ ստուգայցերն ամեն օր են ու ամենուր։ Խախտումների դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։