24-ժամյա կասեցում՝ բժշկական կենտրոնների հանդեպ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել նաև Երևանում գործող բժշկական կենտրոնների հանդեպ։

24 ժամով արգելվել է նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը, բացառությամբ՝ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի: Կարգադրվել է ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

Պարետի կողմից կասեցման որոշումները կայացվել են՝ ղեկավարվելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ պարետի N63 որոշման Հավելված N8-ով, ինչպես նաև հիմք ընդունելով առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունները։

Կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխելու նպատակով ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է՝ հիմք ընդունելով նաև ԱԱՏՄ «թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները։

 

Նոր կանոններ՝ ՀՀ ժամանողների եւ վարակակրի հետ շփում ունեցած անձանց համար

«ՀՀ մուտք գործելիս և ՀՀ վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» Պարետի N 5 որոշումը փոփոխվել է։ Մասնավորապես, սահմանվել է․

❗️ ՀՀ ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում արտերկրից ՀՀ ժամանող անձանց, ինչպես նաև COVID-19 վարակակիր անձի հետ համատեղ ապրող անձանց կամ նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների համար։

❗️ ՀՀ ժամանող անձանց, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի հերթապահների կողմից տրամադրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսացման ծանուցում։ Ինքնամեկուսացման ծանուցագրում անձի նշած ինքնամեկուսացման վայրը չի կարելի լքել ինքնամեկուսացման ողջ ընթացքում։

❗️ Անչափահաս երեխաների ինքնամեկուսացման պահանջի պահպանման պատասխանատվությունը կրում են Ծանուցագիրը ստորագրած անձինք։

Բացառություն են կազմում օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարները (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են ՀՀ տարածքը):

❗️ ՀՀ ժամանող անձինք մինչև ՀՀ սահմանը հատելը պարտավոր են սահմանային անցակետ ներկայացվող այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացնել իրենց ստորագրած Ծանուցագիրը՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար սահմանված պատասխանատվության մասին։

❗️ ՀՀ ժամանող անձինք պարտավոր են ստորագրել ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության մասին ստորագրված Ծանուցումը:

Ինքնամեկուսացման ժամանակահատվածում ՀՀ ժամանող անձանց կողմից Ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում ԱՆ որոշմամբ ՀՀ ժամանող անձանց ինքնամեկուսացումը կարող է փոխարինվել պարտադիր մեկուսացմամբ՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:

❗️ Ինքնամեկուսացման և սահմանային անցման գործընթացների կազմակերպման նպատակով՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հանձնարարված է ապահովել սահմանային ՍԲՀԿ-ների աշխատակիցների կողմից ՀՀ ժամանող անձանց հատուկ զննությունը՝ հեռահար ջերմաչափումը, արտաքին զննությունը, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումները, ապահովել արձանագրված ախտանշանների առկայության դեպքում,այդ թվում 37 աստիճան և բարձր ջերմության, անձի անհապաղ հոսպիտալացումը ՍԲՀԿ-ից և ԱՆ շտապ հաղորդման տրամադրումը՝ հոսպիտալացումից հետո ոչ ուշ քան տասներկու ժամվա ընթացքում։

Օդանավակայանի տարածք այլ քաղաքացիների և ուղևորների հարազատների մուտքն արգելվում է։ Բոլոր մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4057.pdf։

ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով ժամանակավորապես կասեցվել է ընդհանուր առմամբ շուրջ 580 տնտեսվարողի գործունեությունը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի և մարզային ստորաբաժանումները շարունակում են վերահսկողական լայնածավալ աշխատանքները։

Մշտադիտարկվում է տնտեսվարողների մոտ կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելուն ուղղված՝ ՀՀ պարետի հաստատած անվտանգության կանոնների պահպանումը։ Դիտարկվում են թե խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություն, շինարարություն, թե փոքր օբյեկտներ` դեղատներ, վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ և այլն։

Տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով՝ մարտի 23-ից մինչ օրս Պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է Երևանի և մարզերի շուրջ 580 տնտեսվարողի գործունեությունը․ ներկայում կասեցումը 24 ժամով է։

Արձանագրվող հիմնական խախտումներից են աշխատողների կողմից դիմակ, ձեռնոց չկրելը, ախտահանման աշխատանքների թերի կատարումը, ջերմաչափման և գրանցամատյանների վարման ոչ պատշաճ իրականացումը և այլն։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքի համար հիմք են ընդունվում նաև «Թեժ գծով»՝ 8107 և առցանց ստացված բողոքները։

ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին՝ խստագույնս հետևել Պարետի ցուցումներին: Պարետի սահմանած նորմերի պահպանումը ենթակա է պարտադիր կատարման։ Չկատարումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հունվարի 24-ից շարունակում է աշխատել ուժեղացված վերահսկողական ռեժիմով։