Կասեցումներ` «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնում

Անվտանգության կանոնների խախտման հիմքով կասեցվել է ավելի քան մեկ տասնյակ տաղավարների գործունեությունը։ Պարետի որոշման հիմքում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումներն են։

Կրկնախախտ տնտեսվարողների հանդեպ կկիրառվեն պատասխանատվության առավել լուրջ միջոցներ, քան 24-ժամյա կասեցումն է։

Վարչապետը՝ անվտանգության կանոնները չպահող տնտեսվարողների մասին

 

Պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները չպահող տնտեսվարողների եւ հատկապես կրկնակի խախտումներ անողների հանդեպ վարչական պատասխանատվությունը խստացվելու է։ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում շեշտել է՝ այն սրճարանները, բանկերը, արտադրությունները, վարսավիրանոցները եւ այլն, որոնք անվտանգության կանոնները չեն պահում, խստորեն փակվելու են։

«Հրահանգ եմ տվել, որ նրանց հանդեպ, որոնք կրկնակի խախտումներ են անում, չբավարարվել 24 ժամով փակելով, պետք լինի՝ 1 ամսով կփակվեն, 15 օրով և այլն։ Այսինքն՝ երկար ժամկետերով։ Բացի այդ՝ իրավախախտների անունները հրապարակվելու են, որպեսզի մարդիկ իմանան, որ այդ վարսավիրանոց, այդ ռեստորան, այդ սրճարան գնալն անվտանգ չէ համաճարակաբանական առումով»,-նշում է վարչապետը։

Հիմնարկ-ձեռնարկությունների, արդյունաբերական ձեռնարկությունների, սպասարկման ոլորտի ընկերությունների վրա հսկողությունը լինելու է խստագույն։ Այսպիսի հանձնարարականներ են տրվել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստին։

«Մենք այստեղ և պատժողական քաղաքականություն ենք վարելու, և փորձելու ենք մարդկանց բացատրել, որ պահեն անվտանգության կանոնները։ Շատերն անլուրջ են վերաբերում, սակայն սա ինձ համար գաղափարախոսական հարց է։ Մարդկանց գիտակցության հետ աշխատելն իմ իմացած ամենախորքային մեթոդն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է Փաշինյանը։

ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում երկիր մուտք գործող բոլոր ուղևորները ստանում են անհատական պաշտպանության միջոցներ

Պարետի որոշման համաձայն` ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում երկիր մուտք գործող բոլոր ուղևորները ստանում են անհատական պաշտպանության միջոցներ` նոր դիմակներ և ձեռնոցներ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից։

Տեսչական մարմնի մասնագիտական թիմերը դիմավորում են երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձի` ջերմաչափելով եւ կասկածելի ախտանշանների արտաքին զննում իրականացնելով։

Ներկայում ՀՀ ժամանող ամեն ոք ստանում է ինքնամեկուսացման ծանուցագիր ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական կետերում, ստորագրում է այն ու պարտավոր է պահպանել դրանով սահմանված կանոնները։