ՀՀ ԱԱՏՄ- ին քաղաքացին նվիրաբերել է ախտահանիչ նյութեր, անհատական պաշտպանիչ դիմակներ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին քաղաքացի Նարինե Դավթյանը նվիրաբերել է ախտահանիչ նյութեր, անհատական պաշտպանիչ դիմակներ, տեսչական մարմնի աշխատանքային գործընթացում անհրաժեշտ տնտեսական պարագաներ։

Դրանցով համալրվել է ԱԱՏՄ գույքը, ինչն էական օժանդակություն է պետական միջոցները խնայելու առումով եւ մեծապես կարեւորվում է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերի համատեքստում։

 

ԱԱՏՄ-ն երեւանյան սուպերմարկետներում Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի խախտումներ է արձանագրել

❗️Երեւանյան սուպերմարկետներում արձանագրվել են աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման՝ Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մշտադիտարկում են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում։

Դիտարկումների արդյունքում սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ

  • հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,
  • առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),
  • առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ,
  • չի պահպանվել աշխատատեղերի եւ աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը,
  • արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։

Այսպիսով, չեն կատարվել Պարետի № Ց/17-2020 ցուցմամբ հաստատված ուղեցույցով սահմանված պարտադիր պահանջները։

Սուպերմարկետներից մեկի մասնաճյուղի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ Պարետին։ Ձեռնարկվում են համապատասխան քայլեր։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հորդորում է տնտեսվարողներին` խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։

Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107։

Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` http://hlib.am/20.03.2020.html հղումով։

   

Իրազեկման միջոցառում Պարետի ցուցումների վերաբերյալ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող տնտեսվարողներին` խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։

ԱԱՏՄ-ն տեղեկացնում է, որ խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։

Տեսչական մարմինը միաժամանակ իրազեկման լայնածավալ միջոցառումներ է իրականացնում տնտեսվարողների շրջանում` տեղեկատվական գրքույկներ տրամադրելով, շուրջ 400 տնտեսվարողի էլեկտրոնային հասցեներով իրազեկելով Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի վերաբերյալ։ Իրազեկման միջոցառումներին ու տնտեսվարողների մոտ լայնածավալ մոնիթորինգի աշխատանքներին մասնակցում է ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանն անձամբ։

Այս նպատակով տարածվել են նաեւ հայտարարություններ ու պարզաբանումներ ԱԱՏՄ պաշտոնական կայքում եւ ֆեյսբուքյան էջում, տեղեկացվել է լրատվամիջոցներին։

Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` http://hlib.am/20.03.2020.html հղումով։